6 մայիսի 2014 - 15:08 AMT
Հայ գերին Ադրբեջանից վերադաձվել է Արցախ

Մայիսի 6-ի առավոտյան ադրբերջանական լրատվականները, հղում անելով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովին, տեղեկություն տարածեցին, որ 2014-ի ապրիլի 20-ին ձերբակալված հայ Վագիֆ Ռուբենի Մաելյանը բարեհաջող վերադարձվել է հայրենիք: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշեց, որ գերու փոխանցումը տեղի է ունեցել Ադրբեջանի ԼՂՀ հետ սահմանում` Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ գյուղի տարածքում: Քաղաքացին հանձնվել է Արցախի իշխանություններին: Միջադեպեր չեն գրանցվել:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի ներկայացուցչության աշխատակիցները ապրիլի 29-ին այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և հինգ քաղաքացիական անձանց:

ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչությունից APA լրատվական գործակալությանը հայտնել են, որ Կարմիր Խաչի միջոցով գերիներին և նրանց հարազատներին տեղեկատվություն է փոխանցվել:

2013-ի օգոստոսի 8-ից գերության մեջ է զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որը չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: Գևորգյանների ընտանիքը սահմանը հատելով ադրբեջանական կողմ է անցել 2010 թվականի հունվարին և երրորդ երկիր մեկնելու ցանկություն է հայտնել:

Միևնույն ժամանակ ադրբեջանական գերության մեջ մի քանի ամիս անցկացրած Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը հայտնել է, որ հոր առողջական վիճակը վատացել է, չի կարողանում քայլել, իսկ վիրահատած ձեռքն ամբողջությամբ ուռել է, գրում է Panorama.am-ը: Նրա խոսքով, սոցիալական պայմանները ծանր են և հազիվ են հասցնում Մամիկոն Խոջոյանին անհրաժեշտ հիգիենիկ պարագաները գնել: Խոջոյան պապի դուստրը աղոտ կասկածներ ունի, որ Ադրբեջանում նրան «սալյարկա» են ներարկել, սակայն բժիշկների հետ այդ մասին չի խոսել:

«Մենք, որ հիվանդանոցում ասում էինք արյան անալիզի պատասխանները տվեք, տեսնենք, չէին տալիս: Ինձ թվում ա, որ սալյարկա են ներարկել, որտև էս մարդը մի ուրիշ ձև ա փոխվում»,- փոխանցել է տիկին Հեղինեն:

Մարտի 4-ին Բաքուն հետ էր վերադարձրել Ադրբեջանում մեկ ամսից ավելի գերեվարված Հայաստանի քաղաքացուն։ Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել էր: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունը: Պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին: Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Առողջապահության նախարարը մարտի 6-ին հանձնարարել էր բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Ավելի ուշ առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը տեղեկացրել էր, որ Խոջոյանը կտեղափոխվի Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա։