8 մայիսի 2014 - 22:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Պահանջի երթ». «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները պահանջում են գեղեցիկ խոստումներից անցնել գործնական քայլերի

Մայիսի 8-ին «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները կազմակերպել էին «Պահանջի երթ», որի մասին իրազեկող հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Քանի դեռ ՀՀ քաղաքացիներին թալանում են իշխանությունները, մենք չենք դադարեցնելու պայքարը: Եկեք ամբողջ ուժով, որքան որ կարող ենք, շատ-շատ ու շատ մարդկանց ներգրավենք և հրավիրենք բողոքի ակցիային, քանի որ սա բոլորի շահերի համար է: Մեզ համար կարևորագույն խնդիրը այսօր մեր հայրենակիցներին ոտքի հանելն է, պայքարի ոգեկոչելը: Հոգով և սրտով նվիրված գնանք առաջ, քանի դեռ չկա ցանկալի արդյունք»:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Տիգրան Հովհաննիսյանը երթի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Հայաստանում կա 100-ից ավելի գործատու, որոնք աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն կատարում, քանի որ վերջիններս չեն տվել համաձայնությունը` դա իրենց կամքին հակառակ է: Այդուհանդերձ, ըստ նրա, պետական հիմնարկներում և մասնավոր ընկերություններում աշխատողներներից, ովքեր չեն կարողանում դիմակայել իշխանական տարբեր ճնշումներին, կատարում են պարտադիր պահումներ, գրում է Panorama.am-ը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն էլ, դիմելով ակցիայի մանակիցներին, նշել է, որ մինչև օրս գեղեցիկ հայտարություններից, խոստումներից բացի որևէ այլ բանի ականատես չեն եղել.

«Պահանջն այն է, որ առանց պարտադրանքի լինի, կամավոր, մեր պայքարի իմաստը միշտ դա է եղել: Այսօր մեզ չեն բավարարում այդ հայտարարությունները, ուստի նախաձեռնել ենք «Պահանջի երթ»-ը: Բարի երթ»:

Երթը մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտից՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Մասնակիցները եռագույններով, «Մենք ենք տերը մեր երկրի», «Ոտքի, Հայաստան» բացականչություններով շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա:

Դավիթ Մանուկյանը դիմել է ներկաներին. «Պայքարողնե´ր ջան, մենք մինչև օրս բացի գեղեցիկ հայտարություններից, խոստումներից, այլ բան լսե՞լ ենք: Ո´չ: Եթե ՀՀ իշխանությունները պատրաստ չեն ընկալել երկրի սահմանդրական բարձագույն ատյանի որոշման էությունը, այդ դերն իր վրա կվերցնի «Դ!ԵՄ ԵՄ»-ը»:

Հասնելով Ֆրանսիայի հրապարակ` մասնակիցները հայտարարել են «ժամանակավոր նստացույց», գրում է Tert.am-ը: Այն անցել է երաժշտության ուղեկցությամբ, ինչպես նաև՝ ժամանակ առ ժամանակ պահանջների բարձրաձայնմամբ: Իշխանություններին կոչ է արվելհասկանալ, որ կուտակայինը բարեփոխում չէ, այլ չարիք, հնչել են իշխանություններին ուղղված կոչեր՝ վերանայել իրենց պահվածքը:

Մոտ մեկ ժամ տևած նստացույցից հետո ակցիայի մասնակիցները փորձել են փակել Մաշտոցի պողոտան, սակայն հանդիպել են ոստիկանության կոշտ դիմադրությանն ու ստիպված եղել շարունակել ճանապարհը` երթը շարունակելով Մաշտոցի պողոտայով և ուղղվելով դեպի սկզբնակետ` «Մոսկվա» կինոթատրոն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ նիստում ապրիլի 29-ին ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը։

«Սա համարում ենք առաջին քայլ` խնդիրներին ամբողջական լուծում տալու ճանապարհին», -հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ասատրյանի խոսքով, օրինագիծը մշակվել է վերջին օրերին շահագրգիռ կողմերի ու քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում:

«Կառավարության նիստի ընթացքում այն հիմնական ուղերձները, որոնք ներկայացվեցին հետևյալն են` կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով ու արժանապատիվ ծերություն ապահովել մարդկանց համար: Մյուս ուղերձը, որը վարչապետի կողմից արվեց, ԱԺ-ին նոր նախագիծ ներկայացնելն էր, որով կկասեցվի տույժերի հաշվարկը», -հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, ԱԺ-ի դատին ներկայացված նախագիծը «առաջին միջանկյալ քայլ է» խնդիրների լուծման ճանապարհին: Իսկ խորհրդարանին ներկայացվող նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Սույն օրենքի 76-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 30-ից»:

«Սա նշանակում է, որ Սահամանդրական դատարանի որոշումից հետո ընկած ժամանակահատվածում, քանի դեռ կասեցված էր այդ դրույթի գործողությունը, առաջարկվում է ժամկետը տեղափոխել` մինչև նոր օրենքի փաթեթ կներկայացվի: Մինչ այս ընկած ժամականահատվածի համար պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է պարտադիր կուտակային վճար չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պարտավորությունից»:

Արտեմ Ասատրյանը նշել է, որ այդ գումարները, որոնք վճարվել են, մասնակիցների՝ աշխատողների հաշիվներին են, իրենց սեփականությունն են, նաև լրացուցիչ եկամուտ են բերում նրանց: «Վարչապետն, ամեն դեպքում, հակված է, որ հնարավորինս կարճ ժամկետում կարողանանք գտնել այն բոլոր հարցադրումների լուծումները, որ կան, ունենան հստակ թեկնածուներ: Աշխատանքը քննարկումներ է պահանջում, որ չունենանք լուծումներ, որոնք հարցադրումներ են առաջացնում: Այս առումով մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը»,- ասել է նա: Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը նոր օրենքով դե ֆակտո կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Այս մասին գործադիրի նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, թե այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստանձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները:

Այսպիսով, գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Այն կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ Կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Ներկայացնելով որոշումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին օրերին մանրամասն ծանոթացել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել «Դ!ԵՄ ԵՄ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել է հանրապետության նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության գործընկերների հետ և այժմ պատրաստ է հնչեցնելու այն հիմնական 7 դրույթը, որոնք, իր կարծիքով, պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն ապրիլի 22-ին քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը։ Գործադիրի ղեկավարի հետ քննարկմանը չի մասնակցել միայն ՀԱԿ-ը։ Հանդիպմանը ընդգծվել է քաղաքական գործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորվել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և Կառավարության բաց, անկաշկանդ գործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը:

Իսկ մինչ այդ ՊԵԿ-ն արձագանքել է պարտադիր կուտակային վճարների համար նախատեսված դաշտն անջատելու մասին տեղեկությանը։ Հարցմանը, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ մինչև շաբաթվա վերջ Պետեկամուտների կոմիտեն կանջատի գործատուների կողմից ՊԵԿ-ին ներկայացվող եկամտային հարկի հաշվետվության ավտոմատ համակարգի այն դաշտը, որը նախատեսված է պարտադիր կուտակային վճարների համար և եթե իրականությանը համապատասխանում է, ապա ե՞րբ է նախատեսվում այդ գործընթացը,ՊԵԿ լրատվական ծառայությունից պատասխանել են.

«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ն ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»:

ՖՈՏՈՇԱՐՔ