11 մայիսի 2006 - 18:28 AMT
Մայիսի 28-ին «Կիլիկիան» նորից դուրս կգա բաց ծով
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամներին, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Մայիսի 14-ին «Կիլիկիայի» անձնակազմի անդամները մեկնելու են Լոնդոն` նավարկության վերջին փուլին նախապատրաստելու Հարավային Անգլիայի ափերին կառանած «Կիլիկիային»: Ռոբերտ Քոչարյանը ծովագնացներին մաղթել է բարեհաջող նավարկություն եւ տունդարձ: Անձնակազմի անդամները երկրի ղեկավարին վստահեցրել են, որ նախորդ նավարկություններում ձեռք բերած փորձը կբավարարի բարեհաջող ընթացք ապահովելուն: Նախագահը «կիլիկիացիներին» տեղեկացրել է, որ Սեւանա լճում նավակառանատեղի կառուցելու շուրջ արդեն բանակցություններ են վարվում արտերկրյա մասնագիտացված ընկերությունների հետ եւ որ կառանատեղիում հանգրվան կունենա նաեւ «Կիլիկիան»:

Նշենք, որ մայիսի 28-ին «Կիլիկիան» դուրս կգա բաց ծով Հարավային Անգլիայի ափերից եւ կուղեվովի Ֆրանսիայի Կալե նավահանգիստ: Ապա, Հյուսիսային եւ Բալթիկ ծովերով անցնելուց հետո օգոստոսին «Կիալիկիան» կհասնի Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից` դեպի Սեւ Ծով, Փոթիի նավահանգիստ: Հետո առագաստանավը ցամաքով կտեղափոխվի Հայաստան, որտեղ - մյուս տարվա գարնանը կգտնի իր հանգրվանը Սեւանա լճում: