13 մայիսի 2014 - 13:40 AMT
Ֆրանսիայի ու Հայաստանի նախագահների ամփոփիչ ասուլիսը. ՄՄ, ԵՄ, Ղարաբաղ ու Ցեղասպանություն

«Մենք Ռուսաստանի հետ ունենք երկկողմ բարեկամության պայմանագիր, մենք գտնվում ենք անվտանգության միևնույն համակարգում, և գումարած դրան Մաքսային միությունը որոշակի առավելություններ է տալիս անդամ երկրներին, օրինակ` Հայաստան ներկրել մրցունակ գներով էներգակիրներ, ինչը թույլ է տալիս մեր սահմանափակ հնարավորությունների պայմաններում ունենալ մրցունակ ապրանքներ: Սա է մեր որոշման շարժառիթը, սա է ելակետը: Բայց ՄՄ անդամակցելը չի նշանակում, թե դադարեցնում ենք կամ վերացնում ենք մեր հարաբերությունները: Մենք շարունակում ենք ԵՄ հետ հարաբերությունների խորացումը»,- ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսին՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, թե ինչպես կբացատրեք Ձեր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու հարցում:

Սարգսյանը նաև նշել է, որ հայ-ռուսական ջերմ հարաբերությունների հիմքը դարավոր բարեկամությունն է, հայերն ու ռուսները շատ երկար ժամանակ ապրել են մի պետության, մի պետականության մեջ, կապված են մշակույթով, տնտեսական հարաբերություններով. «Սա է այսօրվա մեր հարաբերությունների հիմքը: Կարծում եմ, որ որևէ մեկի համար տարօրինակ չէր Հայաստանի ցանկությունն անդամակցել Մաքսային միությանը, որովհետև, իրոք, տնտեսական փոխկապակցվածությունն այսօր շատ բարձր մակարդակի վրա է»:

«Հայաստանն աշխարհաքաղաքական տեսակետից յուրահատուկ դրության մեջ է, այդ պատճառով որոշեց կապերը վերահաստատել Ռուսաստանի հետ: Իմ խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը»,- անդրադառնալով Հայաստանի` ՄՄ անդամակցության որոշմանը, ասել է Ֆրանսուա Օլանդը:

Նա նշել է, որ այցի ընթացքում փորձել է հասկանալ` որն է Հայաստանի դիրքը և ինչ պետք է լինի Եվրամիության պատասխանը: «Ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ, քանի որ նրա տենչն է, նրա արժեքներն են, նրա շահերին է համընկնում»:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ չի պատրաստվում ստիպել Հայաստանին խզել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, հարաբերությունները. «Հայաստանի դիրքորոշումը պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակում, Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Սերժ Սարգսյանը նշել է, թե յուրաքանչյուր հակամարտության լուծման համար կան նախադրյալաներ, և մոտեցումներն էլ տարբեր են:

«Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ղեկավարները թե գրավոր, թե բանավոր խոսել են իրենց միասնական կարծիքի մասին, այն է, թե ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այդ սկզբունքն այլընտրանք չունի»,- շեշտել է ՀՀ նախագահը: Անդրադառնալով ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը` նախագահը նշեց, որ ոչ մի նոր բան իրականում չի ասվել. «Ես չեմ կիսում այն մոտեցումը, թե նույն երկրները տարբեր հակամարտությունների ժամանակ կիրառում են երկակի ստանդարտներ: Մոտեցումները բխում են կոնֆլիկնտերի պատմությունից, ծագումնաբանությունից ու նախադրյալներից»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին հիշեցրել է, որ ինքը երկու օր առաջ գտնվում էր Բաքվում, որտեղ պատրաստակամություն է հայտնել անել ամեն ինչ՝ ԼՂ խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Նա շեշտել է` զինադադարը բավական չէ, պետք է լուծում գտնել. «Երեկ զինադադարի քսանամյակն էր, բայց դա լուծում չէ, պետք է նոր լուծում գտնել: Սա հակամարտություն է, որը հազարավոր կյանքեր է խլել: Ֆրանսիան պատրաստ է ընդունել երկու եկիրների` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որպեսզի փոխվստահության հասնեն ու լուծեն խնդիրը»:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ին արված հայտարարությանը, Օլանդը նշել է, թե փորձում է լավը տեսնել և այն առաջընթաց համարել, սակայն լուծումը մեկն է` «Թուրքիան պետք է ճանաչել Ցեղասպանությունը»: Օլանդը հաստատել է, որ 2015-ի ապրիլի 24-ին գալու է Երևան` մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Oսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով:

Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

Մայիսի 13-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Ֆրանսիայի նախագահը նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են «Համագործակցության գերատեսչական համաձայնություն ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ՖՀ գյուղատնտեսության, գյուղմթերքների և անտառային տնտեսության նախարարի միջև», «Մտադրությունների նամակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի և ՖՀ ներքին գործերի նախարարի միջև՝ բնական և տեխնածին աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», «ՀՀ-ում ավտոտրանսպորտային միասնական պատուհանի ներդրման և գործարկման կոնցեսիոն համաձայնագիր», «Համագործակցության համաձայնագրի արձանագրություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև՝ Վեդիի հիդրո-գյուղատնտեսական ծրագրի վերաբերյալ», «Առևտրային պայմանագիր Պրոգրես ագրո ընկերության և Ռիշել գրուպ ընկերության միջև՝ բանջարեղենի արտադրման բանջարանոցների մասին»: Կողմերի միջև փոխանակվել է «Ընդունման նամակ ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի հետ կապված աշխատանքների մասին»: Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակներում այսօր կստորագրվի նաև «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»:

Մայիսի 12-13-ը պետական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի բացմանը, այնուհետև երկու երկրների նախագահներն ուղևորվել են Ծիծեռնակաբեր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:Հաջորդիվ նախագահները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել են երկու երկրների ղեկավարների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին: