14 մայիսի 2014 - 11:20 AMT
Բեռլինում քննարկել են քրդերի դերը Հայոց ցեղասպանության տարիներին

Մայիսի 10-ին Բեռլինում տեղի է ունեցել «1915 թ. Հայոց ցեղասպանություն. Հավաքական պատասխանատվություն և քրդերի, հայերի ու ասորիների հարաբերությունների դերը» խորագրով խորհրդաժողովը: Հավաքին մասնակցել են քուրդ մտավորականության երկու սերունդների ներկայացուցիչներ՝ նպատակն էր քննարկել միջհամայնքային հարաբերությունները Հայոց ցեղասպանությունից առաջ ու հետո և քրդերի դերը հաշտեցման ու վնասի հատուցման գործընթացում:

Գիտաժողովում ելույթ է ունեցել Armenian Weekly-ի խմբագիր Խաչիկ Մուրադյանը, որը կոչ արեց քուրդ ղեկավարներին ու քաղաքական գործիչներին ընդլայնել ու խորացնել իրենց դերը Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ արդարության հաստատման հարցում: «Իմ պապն ու տատը վերապրել են ցեղասպանությունը և ի վերջո հայտնվել են Լիբանանում, որտեղ իրենց կյանքը սկսել են զրոյից: Եվ երբ ես ծնվեցի, նրանք տվեցին այն սակավաթիվ բաներից մեկը, որ բերել էին Կիլիկիայից՝ թուրքերեն լեզուն: Ինձ համար դա մահվան ու զրկանքների լեզու էր: Այսօր ես առաջին անգամ եմ խոսում այդ լեզվով: Մյուսներին խնդրել, որպեսզի նրանք բացեն աչքերն ու ճանաչեն հայերի տառապանքները, բավարար չէ: Մեզ միայն արդարություն է հարկավոր: Եկեք չխոսենք եղբայրության ու խաղաղության մասին: Ես հոգնել եմ այդ բառերի անդադար, անպատեհ ու չարչրկված օգտագործումից Թուրքիայում: Եկեք չխոսենք ընդհանուր ցավի մասին Անատոլիայում, թուրքական անձնագրերի, ցավակցությունների ու այլ անհեթեթությունների մասին: Հաշտեցման ճանապարհն անցնում է արդարության միջով: Կարճ ուղիներ չկան: Անկարան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, բայց Դիարբեքիրը կարող է այլ սահման բացել՝ սփյուռքի հետ սահմանը: Իսկ այդ սահմանը կարելի է բացել միայն արդարադատության միջոցով: Եկեք 1915 թվականի ապրիլի 24-ին հավաքվենք Դիարբեքիրում՝ նշելով հայերի, ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանության 100-ամյակը, հավաքվենք հարյուր հազարներով և մենք ավելի լսելի կդարձնենք արդարության ձայնը»,-ասել է Մուրադյանը: