14 մայիսի 2014 - 12:19 AMT
Քնեսեթի խոսնակ. Որպես հրեաներ, պետք է ճանաչենք հայ ժողովրդի տառապանքները

«Որպես հրեաներ մենք պետք է ճանաչենք հայ ժողովրդի տառապանքները, նույնիսկ եթե մենք ոչ ոքի չենք մեղադրում»,-հայտարարել է Քնեսեթում քննարկման ժամանակ խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Հարցն օրակարգում ընդգրկելու համար ներկայացրել է պատգամավոր Զախավա Գալյոնը «Մերեց» կուսակցությունից: Էդելշտեյնն ասել է, որ «քննարկումը չի մեղադրում որևէ երկրի, այլ ցույց է տալիս, որ մենք նույնացնում ենք մեզ կոտորածի զոհերի հետ»,-գրում է The Jerusalem Post-ը: «Մենք վարվում ենք որպես հրեաներ և հավատարիմ ենք արդարությանն ու մի այլ ժողովրդի տառապանքներին: Մենք չենք կարող ժխտել պատմությունն ու շրջանցել մարդկային արժեքները դիվանագիտական կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ասել է Քնեսեթի խոսնակը:

Զախավա Գալյոնը կոչ է արել Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչև 100-ամյա տարելիցը: «Կառավարությունը չպետք է ճանաչումը զոհաբերի ժամանակավոր շահերին: Ամեն անգամ, երբ փոխվում է դիվանագիտական իրավիճակն ու մենք հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների չենք ճանաչում Հայոց ցեղասպանությունը, հետո հայտնվում է Mavi Marmara-ն ու մենք պատրաստվում ենք փոխել դիրքորոշումը: Քնեսեթի անդամներից շատերը Հոլոքոսթը վերապրածների զավակներն են: Որպես ազգ, որը վերապրել է Հոլոքոսթը, մենք չենք կարող շարունակել անտեսել Հայոց ցեղասպանությունը հարցին չվերաբերող նկատառումներով»,-հայտարարել է «Մերեց» կուսակցության առաջնորդը: Քնեսեթի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվլին իր հերթին հիշեցրել է, որ հայերի սպանություններից հետո եկավ հրեաների հերթը: «Նա, ով մտածում էր հարցերը վերջնականապես լուծելու մասին, հուսով էր, որ աշխարհը կլռի, ինչպես դա եղավ հայերի հետ: Ինձ համար դժվար է ներել մյուս երկրներին մեր ողբերգության անտեսումը, մենք էլ չենք կարող անտեսել այլ ժողովրդի ողբերգությունը: Դա մեր բարոյական պարտքն է՝ որպես մարդու ու հրեայի»,-ասել է Ռիվլինը:

Ըստ զբոսաշրջության նախարար Ուզի Լանդաուի, հրեաները բարոյական պարտավորություն ունեն ճանաչելու մարդկային ողբերգությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը:

Երբ քննարկումն ավարտվեց, հարցը փոխանցվեց Քնեսեթի արտաքին գործերի ու պաշտպանության կոմիտեի քննարկմանը, ոչ թե կրթության: Գալյոնը մեղադրեց ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանին հարցը մեկ այլ կոմիտեի փոխանցելու համար՝ նկատի ունենալով, որ նպատակը հարցն այնտեղ «թաղելն է»:

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը ներկայացվեց Քնեսեթում 2011 թվականին Մերեց կուսակցության կողմից և հանձնվեց կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի քննարկմանը:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս է ընդգրկվել Քնեսեթի օրակարգում Մերեց կուսակցության առաջնորդ Հաիմ Օրոնի ներկայացմամբ, որը 23 տարի շարունակ եղել է Քնեսեթի պատգամավոր: Նա սերտ կապեր ունի Երուսաղեմի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հետ, ինչպես նաև Երուսաղեմում հայ հյուպատոսության հետ: Չնայած, որ Ցեղասպանությունը ճանաչելու նրա բոլոր կոչերն ու հորդորները ձախողվում էին, նա համառորեն բարձրացնում էր այդ հարցը կրկին ու կրկին: Օրոնը թոշակի անցավ 2011 թվականին: Կուսակցության ներկայիս առաջնորդ Զախավա Գալյոնը ձախ ճամբարի ամենավառ ներկայացուցիչներից է վերջին տարիներին: Նրան դասում են ձախ սիոնիստների առավել ծայրահեղական թևին: Քնեսեթի արտաքին գործերի ու պաշտպանության կոմիտեն գլխավորում է Զեև Էլկինը: