14 մայիսի 2014 - 13:21 AMT
Կոնգրեսական Շիֆը Թուրքիայի ղեկավարների հետ խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Կոնգրեսական Ադամ Շիֆն առանձնազրույցներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլլահ Գյուլի ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, լինելով Կոնգրեսի պատվիրակության կազմում, որը գտնվում էր Մերձավոր Արևելքում Սիրիայում ահաբեկչության սպառնալիքների ու պատերազմի առնչությամբ:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպմանը Շիֆը ուշադրություն է դարձրել Էրդողանի այն խոսքերին, որ «Թուրքիայում մինչ օրս հայեր են ապրում, հետևաբար, Ցեղասպանություն չի եղել»: «Նշանակում է, քանի որ Եվրոպայում որոշ հրեաներ խուսափել են մահից, Հոլոքոսթ չի՞ եղել: Ես նաև կասկածում եմ, որ դուք բացած լինեք արխիվները, քանի որ մինչ օրս թուրք պրոֆեսորները, պատմաբանները, լրագրողներն ու հասարակ քաղաքացիները նախկինի պես բախվում են ահաբեկման, հետապնդումների կամ բռնության հետ, երբ ասում են, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»,-ասել է կոնգրեսականը:

Նախագահ Գյուլի հետ հանդիպմանը Շիֆը նշել է, որ նա խոսում է հայազգի իր տասնյակ հազարավոր ընտրողների անունից, որոնք, հավանաբար, երբեք հնարավորություն չեն ստանա անմիջապես դիմելու նախագահին, գրում է Asbarez-ը:

«Դուք երբեք չեք հանդիպի իմ 80 000 հայ ընտրողներից ոչ մեկի հետ, որոնցից յուրաքանչյուրը կորցրել է ծնողներից կամ նախահայրերից մեկին, զարմիկների ու զարմուհիների, կամ էլ ամբողջ ընտանիքը: Նրանց ցավն իրական է, նրանց վերքերը բաց են և դա վաղեմի անցյալի ապրումներ չեն: Դուք և վարչապետն ասացիք, որ այո, հայերը տուժել են, բայց այնպես, ինչպես թուրքերն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Դա նույնն է, ինչ եթե հայտարարենք, որ գերմանացիներն էլ են տուժել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դա ճիշտ է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ զոհվել են գերմանացի խաղաղ բնակիչներ, բայց դա չի նշանակում, որ Հոլոքոսթ չի եղել: Դուք առաջարկում եք պատմական հանձնաժողով ստեղծել Ցեղասպանության փաստը հաստատելու համար: Սա նման է առաջարկին՝ պարզել եղել է Հոլոքոսթ, թե չի եղել»,-ասել է Շիֆը Աբդուլլահ Գյուլին:

Շիֆը նաև արծարծել է Քեսաբի հարցը և մտահոգություն հայտնել հայ համայնքի բռնի տարհանման ու այն բնակիչների վիճակի մասին, որոնք այժմ փախստական են դարձել Թուրքիայում: Նա նաև կոչ է արել Թուրքիային տարանջատել Հայաստանի շրջափակումը ղարաբաղյան հարցից ու վերջ դնել ՀՀ տնտեսական մեկուսացմանն ու կարգավորել առևտրային հարաբերությունները երկու երկրների միջև:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Շիֆին Թուրքիայի առաջնորդներին ընդդիմանալու համար՝ հանուն Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտության ու արդարության հաստատման: Մենք հատկապես գնահատում ենք նրա խոսքերն` ուղղված Էրդողանին ու Գյուլին իր հայ ընտրողների անունից»,-ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»: