14 մայիսի 2014 - 13:43 AMT
Օլանդն ակնկալում է «Վրաստանի գործակցությունը» ղարաբաղյան կարգավորման հարցում

Վրաստանը մասնակցում է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու» փորձերին, մայիսի 13-ին Թբիլիսիում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք միասին ելք ենք փնտրում ստեղծված իրավիճակից, և ակնկալում ենք Վրաստանի գործակցությունն այս հարցում»,-ասել է նա:

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ իր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և ակնկալում է «Վրաստանի գործընկերությունը այդ երկու երկրներին վստահության ազդակներ հաղորդելու համար», հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ավելի վաղ նույն օրը Երևանում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆրանսուա Օլանդը նշել էր, որ հարկավոր է «իսկական լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության համար»: Նա ասաց, որ Ֆրանսիան պատրաստակամ է անել ամեն ինչ՝ ԼՂ խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Նա շեշտել է` զինադադարը բավական չէ, պետք է լուծում գտնել. «Երեկ զինադադարի քսանամյակն էր, բայց դա լուծում չէ, պետք է նոր լուծում գտնել: Սա հակամարտություն է, որը հազարավոր կյանքեր է խլել: Ֆրանսիան պատրաստ է ընդունել երկու եկիրների` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որպեսզի փոխվստահության հասնեն ու լուծեն խնդիրը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ասաց. «Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ղեկավարները թե գրավոր, թե բանավոր խոսել են իրենց միասնական կարծիքի մասին, այն է, թե ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այդ սկզբունքն այլընտրանք չունի»: Անդրադառնալով ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը` նախագահը նշեց, որ ոչ մի նոր բան իրականում չի ասվել. «Ես չեմ կիսում այն մոտեցումը, թե նույն երկրները տարբեր հակամարտությունների ժամանակ կիրառում են երկակի ստանդարտներ: Մոտեցումները բխում են կոնֆլիկնտերի պատմությունից, ծագումնաբանությունից ու նախադրյալներից»:

Նախագահը հավելել է, որ որքան էլ Ադրբեջանի ցանկանա յուրովի մեկնաբանել համանախագահների մոտեցումներն ու ներկայացված սկզբունքները, ոչ մի բանի չի հասնի:

Մայիսի 12-13-ը պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի բացմանը, այնուհետև երկու երկրների նախագահներն ուղևորվել են Ծիծեռնակաբեր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:Հաջորդիվ նախագահները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել են երկու երկրների ղեկավարների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին:

Այցի ավարտին Օլանդը Երևանից մեկնեց Թբիլիսի: