14 մայիսի 2014 - 15:11 AMT
Եվրոպացի պատգամավորները կոչ են արել Բաքվին հեռացնել դիպուկահարներին շփման գծից

Եվրախորհրդարանի անդամներ Էլենի Թեոհարուսը, Ֆրանկ Էնգելը, Տատյանա Ժդանոկը, Էվալդ Շտադլերը, Ինակի Իրազաբալբեյտան, Միշել Ռիվազին, ինչպես նաև Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն հանդես են եկել հայտարարությամբ հրադադարի 20-ամյակի կապակցությամբ: Պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ հրադադարի մասին համաձայնագրի կնքման արդյունքում հաստատված փխրուն խաղաղությունը ոչ միայն թույլ տվեց խուսափել հակամարտության սրացումից և հետագա զոհերից, այլ նաև հնարավորություն տվեց խաղաղ կարգավորման ուղիներ որոնել:

«Չնայած բոլոր ջանքերին, հրադադարի 20-ամյա ռեժիմը, ցավոք, չվերաճեց կայուն խաղաղության: Պարբերաբար շարունակվում են ստացվել տագնապալի լուրեր շփման գծում միջադեպերի մասին, որոնք դառնում են երկու կողմերում երիտասարդ զինվորների մահվան պատճառ և կարող են նպաստել մարտական գործողությունների վերսկսմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Պատգամավորները հիշեցրել են, որ գիտակցելով Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը ԵՄ համար ու այնտեղ կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, Եվրամիությունն իր բանաձևերում կոչ է արել համապատասխան իշխանություններին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, հրաժարվել սադրիչ քաղաքականությունից ու հռետորաբանությունից, ռազմատենչ հայտարարություններից ու պատմության մանիպուլյացիայից:

Պատգամավորները բարձր են գնահատել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը բազմիցս են հաստատել հավատարմությունը հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ բանակցային գործընթացի շրջանակում: Նրանք բազմիցս են հայտարարել դիպուկահարներին շփման գծից ետ քաշելու պատրաստակամության մասին:

«Մենք կցանկանայինք օգտվել առիթից ու կոչ անել Ադրբեջանի իշխանություններին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից ու հայ-ադրբեջանական սահմանից՝ խուսափելու համար հակամարտության հետագա թեժացումից: Կարևոր է նաև, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարտավորվի լուծել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասվում է հայտարարության մեջ:

Պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խաղաղաության ու երկու կողմերի միջև փոխըմբնռման հաստատման գործընթացին՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպեսզի Եվրոպային հատուկ մարդու իրավունքներն ու ազատությունները հասանելի լինեն նաև հարևան երկրներում:

Բիշքեկի արձանագրությունը ստորագրվել է 1994-ի մայիսի 5-ին, բայց ուժի մեջ է մտել մայիսի 12-ին: Արձանագրությունը ստորագրել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, ՌԴ-ն ու Ղրղզստանը: Արձանագրությունով կոչ էր արվում 1994-ի մայիսի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը մայիսի 9-ին ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994-ի մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրել էր այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ նույն տարվա մայիսի 12-ի կեսգիշերին: