15 մայիսի 2014 - 12:36 AMT
«Կուտակայինը» կամավոր դարձնող օրենքի նախագիծը վերջնական ընդունվեց

Ազգային ժողովը մայիսի 15-ին 67 կողմ, 18 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մայիսի 14-ին երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը` նշելով, որ կատարվել են մասնակի խմբագրական փոփոխություններ: Օրինագծով նախատեսվում է, որ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Նախարարը տեղեկացրել է, որ հաշվի է առնվելու աշխատողի կամքը, և եթե նա առձեռն կամ փոստով դիմում է ներկայացնում գործատուին և հրաժարվում կուտակային կենսաթոշակային վճար կատարելուց, ապա դա ենթակա է պարտադիր կատարման: Հանրությանը մտահոգող մյուս հարցերին, այդ թվում նաև՝ արդեն վճարված գումարներին, կառավարությունը մտադիր է անդրադառնալ առաջիկայում:

«Մեր նպատակն է եղել մեր քաղաքացիների հնարավոր բարձր իրազեկվածությունը, այդ առումով կարծում եմ նաև սա մեր քաղաքացիների համար լավ հնարավորություն է, որպեսզի իրենք իրենց կենսաթոշակային ապահովվածության հետ կապված խնդիրներին լավ իրազեկված լինեն»,- նշել է նախարարը, գրում է Tert.am-ը։

Հարցին, թե ամեն դեպքում բացառում է, որ գործատուներն աշխատակիցներին երկընտրանքի առաջ կկանգնեցնեն` դիմում չգրել, այլապես աշխատանքից կազատվեն, նախարարը պատասխանել է. «Չեմ կարծում, որ նման իրավիճակ լինի, որովհետև հիմա վարչապետի հանձնարարականով տեխնիկական լուծումներն ենք տվել օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, որը գործատուի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվությունները ներկայացնելու հետ է կապված, այսինքն՝ ընձեռվելու է հնարավորություն, որպեսզի գործատուն հաշվետվություն ներկայացնելիս իր աշխատողի կամարտահայտությունը իրացնի նաև հաշվետվության մեջ, և դա ո՛չ դժվարություն, ո՛չ էլ լրացուցիչ վարչարարություն է առաջացնելու գործատուի համար, եթե աշխատողն այդ կամքն արտահայտում է և դիմում է գրում, ապա իրենից պահումներ չեն արվում»:

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Մայիսի 13-ին ԱԺ-ն 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ նիստում ապրիլի 29-ին ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը, որովպարտադիր կուտակայինը կդառնա կամավոր:Մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած նախագիծի վերաբերյալ քննարկում էր տեղի ունեցել: