19 մայիսի 2014 - 10:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ազնավուր. Ով չի եղել Հայաստանում, չի հասկանա, թե ինչից է զրկվել

«Ծննդյան տարեդարձի երեկույթները լավ են 18 տարեկանների համար: Ինձ չի հուզում, թե քանի տարեկան եմ՝ 89 թե 90: Ուղղակի ազատ օր ունեի և համաձայնվեցի համերգ տալ Բեռլինում»,- հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի 90 տարին մի քանի օրից կլրանա: Ըստ նրա, տարիքային տարբերությունը զգացվում է միայն այն առումով, որ եթե նախկինում ամիսը 20 համերգ էր տալիս, ապա այժմ՝ 2 կամ 3:

Իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, շանսոնյեն «Լեգենդը վերադառնում է» համերգով հանդես կգա Բեռլինի O2 World մարզադաշտում: Ազնավուրի երկրորդ համերգը Գերմանիայում նախատեսվում է մայիսի 24-ին: Այն տեղի կունենա Մայնի Ֆրանկֆուրտում: Հունիսի 1-ին Ազնավուրը հանդես կգա Լոնդոնի Albert Hall-ում, իսկ հունիսի 26-ին՝ Բարսելոնայում:

«Նրա երգերն ուղեկցում են ֆրանսիացիների արդեն մի քանի սերնդի: 90 տարեկանում Ազնավորը շարունակում է համերգներ տալ, երկու վեպ է գրում ու հուշերի չորրորդ հատորը, հայտնում է France TV-ն: Universal-ը թողարկել է 4 ձայնասկավառակից կազմված Ազնավուրի երգերի հավաքածուն, որտեղ 90 եզակի թրեք կա: Կանալը հիշեցնում է, որ Հայաստան այցի ժամանակ Ազնավուրը հրավիրեց այնտեղ պետական այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Օլանդին մասնակցել իր 90-ամյակին նվիրված համերգին:

«Մի քանի օրով Փարիզ եմ վերադարձել, հանգստանալու ու հիշելու այն հիանալի պահերը, որ ապրեցի Երևանում: Բոլոր նրանց համար, ով չի ճանաչում Հայաստանը, շատերն ուղղակի… դուք չգիտեք, թե ինչ եք բաց թողել այս կյանքում»,- գրել է երգիչն իր պաշտոնական կայքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Ազնավուրը ծնվել է 1924-ի մայիսի 22-ին՝ Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Նրա հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից:

Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

ՖՈՏՈՇԱՐՔ