19 մայիսի 2014 - 13:57 AMT
Արցախի երիտասարդների հայտարարությունը. ԼՂՀ-ն որևէ պետության «վերադարձնելու» տարածք չունի

Ինչպես արդեն հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ստեփանակերտում դիմավորել են բողոքի ակցիայով: Արցախի երիտասարդական կազմակերպությունները մայիսի 18-ին բողոքի հանրահավաք էին կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընդդեմ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա արել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, «Քարնեգի» հիմնադրամում, ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ներկայացված է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով.

Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման բանալիները

Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության դեպքում: Սա պարտադիր է: Ցանկացած այլ որոշում կմնա թղթի վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ոչ մեկին չի լիազորել իր փոխարեն որոշում կայացնել, լինի՝ կարգավիճակի հարցում կամ այլ:

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի են: Հայկական Արցախի հազարամյա պատմության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն էր միջանկյալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայության անվտանգությունը, այլև հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման և հայաթափման:

Երրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որևէ պետության, այլև պահանջատեր է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող իր տարածքների: Ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չի կարող հիմնված լինել Ադրբեջանի կամ որևէ մեկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանության վրա:

Չորրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, միջազգային իրավունքի բոլոր պահանջների կատարմամբ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման ցանկացած փորձ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Հինգերորդ. Փախստականներին և ներքին տեղահանվածներին վերաբերող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փոխադարձության հիմունքներով ՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո միայն:

Վեցերորդ. Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործությունը արտոնելուց հետո անվտանգության միջազգային երաշխիքների մասին ցանկացած խոստում խաբեություն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20 տարիներին խաղաղությունը պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է:

Ըստ տեղացի դիտորդների, Ուորլիքի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար, իսկ այցը ԼՂՀ սովորական աշխատանքային այց է: «Սակայն, նրա վերջին գրառումները Twitter-ում կասկածներ են առաջացնում ամերիկացի միջնորդի անաչառության վերաբերյալ»,-գտնում են Ստեփանակերտում:

Բերձորում հանրահավաքի մասնակիցները փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ Ուորլիքը լսի ղարաբաղյան կողմի կարծիքը: «Մենք հարգում ենք ցանկացած խաղաղ ցույց, նույնիսկ եթե համաձայն չենք»,-դրանից հետո գրել է դիվանագետը Twitter-ում:

Սարսանգի ջրամբար այցելելուց հետո Ջեյմս Ուորլիքը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին համատեղ օգտագործել ջրային ռեսուրսները: «Սա Սարսանգի ջրամբարն է: Եթե կողմերը կարողանային համատեղ օգտվել ջրային ռեսուրսներից, դա դրական քայլ կլիներ», -գրել է Ուորլիքը՝ Twitter-ի միկրոբլոգում տեղադրելով Սարսանգի ջրամբարի լուսանկարը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Նա հորդորել է կողմերին հանձնառություն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին: Հայ սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում: 2004 թվականի փետրվար ամսին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարյանին, հասցնելով 16 կացնի հարված դեմքին:

Ռամիլ Սաֆարովը 2012 թ. օգոստոսի 31-ին արտահանձնվեց Ադրբեջանին, հաջորդ օրը նախագահի հրամանագրով նրան ներում շնորհվեց, մայորի կոչում, նա ստացավ բնակարան ու վերջին 8 տարվա համար նախատեսված վարձատրություն: Ի պատասխան Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ: