12 մայիսի 2006 - 19:10 AMT
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները Թուրքիային հրթիռներ վաճառելու դեմ են հանդես գալիս
ԱՄՆ Կոնգրեսի հունական եւ հայկական հարցերով հանձնախմբերի ներկայացուցիչները Կոնգրեսի ղեկավարությանը կոչ են արել վերանայել Թուրքիային հրթիռների վաճառքի 162 մլն դոլարի գործարքը: Իրենց ուղերձում կոնգրեսականները հատկապես նշել են, որ Թուրքիան վերջին 12 տարիներին ապօրինի շրջափակում է պարտադրել Հայաստանին, աջակցում է Ադրբեջանին ընդդեմ Լեռնային Ղարաբաղի եւ հրաժարվում է կարգավորել հարաբերությունները ՀայաստանիՀանրապետության հետ: «Երաշխիքներ չկան, որ Թուրքիային փոխանցվելիք այդ արդիական զենքը չի ծառայի Հայաստանին սպառնալու նպատակին»,- ընդգծել են կոնգրեսականները:

Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին այդ կոչի համար: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների շահերից չի բխում արդիական հարձակողական զենքի մատակարարումը մի կառավարության, որն օգտագործեց ԱՄՆ զենքերը 1974 թ. Կիպրոս ներխուժելու համար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զենք փոխանցեց Ադրբեջանին, ինչպես նաեւ օգտագործում է ամերիկյան սպառազինությունը սեփական քաղաքացիների մարդկային իրավունքները ոտնահարելու համար: