21 մայիսի 2014 - 12:40 AMT
Հակադիֆամացիոն լիգան վերանայել է դիրքորոշումը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

Հակադիֆամացիոն լիգան (ADL) մայիսի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ): «Քանի որ կրկին արծարվծում է Հայոց ցեղասպանության հարցում Հակադիֆամացիոն լիգայի դիրքորոշման հարցը, կցանկանայինք հստակեցնել՝ հաստատելով այն, ինչ ասել ենք 2008 թվականի օգոստոսին: Հակադիֆամացիոն լիգան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է ADL հայտարարության մեջ:

«Մեր հայտարարությունը 2008 թվականի հայտարարության վերամշակված տարբերակն է: Սակայն 2007 թ. հայտարարության մեջ Հակադիֆամացիոն լիգայի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը խուսափեց «ցեղասպանություն» բառեզրի կիրառումից Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի մասին խոսելիս»,-ասվում է փաստաթղթում:

Հակադիֆամացիոն լիգայի հայտարարությունը հաջորդեց ԱՄՆ հրեական համայնքի ապրիլի 23-ի հայտարարությունը, որտեղ կոչ արվեց թուրքական կառավարությանը հաշվի նստել Հայոց ցեղասպանության փաստի հետ:

2007 թ. սեպտեմբերին Հակադիֆամացիոն լիգայի (ADL)տնօրեն Ֆոքսմանը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո ասաց. «Վարչապետը կոչ է արել Թուրքիային ու Հայաստանին միասնական հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի պատմական փաստերը և ակնկալում է, որ ԱՄՆ հրեական համայնքը կսատարի Թուրքիային այս հարցում: Բարեկամների միջև լինում են տարաձայնություններ, ինչպես, օրինակ Լիգայի կողմից ցեղասպանության ճանաչումը: Սակայն, այդ հարցը չի կարող առարկա դառնալ Հայոց ցեղասպանության մասին Կոնգրեսի թիվ 106 բանաձևի ընդունման համար»:

Ամերիկայի Հայկական համագումար (Armenian Assambly of America), համաամերիկյան հայկական կազմակերպություն է: Հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուկարն ու Հրայր Հովնանյանը, ինժեներ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ Մրամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջան Հաննեսյան Կրտսերը, Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։

Հակադիֆամացիոն լիգան (ADL)ամերիկյան իրավապաշտպան հասարակական քաղաքական կազմակերպություն է, որը հակազդում է հակասեմիթիզմին ու այլատյացության այլ դրսևորումներին հրեաների հանդեպ: Հիմնվել է կազմակերպությունը 1913 թ. «Բնեյ Բրիտ» հրեական կազմակերպության կողմից, կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ունի մոտ 30 բաժանմունք ԱՄՆ-ում ու 3 բաժանմունք այլ երկրներում: Տարեկան բյուջեն կազմում է 50 մլն դոլար, տնօրենն է Աբրահամ Ֆոքսմանը: