21 մայիսի 2014 - 13:15 AMT
ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում գործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը

Մայիսի 20-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը 28+1 ձևաչափով, որին մասնակցել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների դեսպաններ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին: Անդրադառնալով Հայաստան -ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ արդեն պատրաստ է Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը և հույս հայտնել, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այդ համատեքստում կարևորել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:

Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական են գնահատել Հայաստանի և Դաշինքի միջև 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:

Ելույթ ունեցողները գոհունակություն են հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ:

Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի, Ուկրաինական ճգնաժամին, պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու անդամ երկրների դեսպանները վերահաստատել են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Գործընկերություն հանուն խաղաղության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ապրիլի սկզբին Der Spiegel պարբերականը հրապարակել էր Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի «հարաբերությունների զարգացմանը միտված գործնական միջոցների» գաղտնի ծրագիրը:

Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը:

Ըստ փաստաթղթի հեղինակների, բոլոր երեք երկրներում հարկավոր է զարգացնել տեղի զինված ուժերի գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, իսկ դրա համար հարկավոր է անցկացնել համատեղ զորավարժություններ: Նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Մոլդովայի մասնակցությունը Smart Defence ծրագրի նախագծերին, ինչը ենթադրում է զինվորական սպառազինման առաքում ու ռազմական ներուժի սերտաճում՝ մասնագիտացումների բաշխման պարագայում, հայտնում է պարբերականը:

Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության գործող ձևաչափը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գոյություն ունեն փոխգործակցության զարգացման պլաններ։ «Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձևաչափեր։ Ընդլայնել դրանք, փոխել՝ մենք չենք պատրաստվում»,- ասել է Տիգրան Բալայանը:

Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլ նաև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում ու Աֆղանստանում: