13 մայիսի 2006 - 18:14 AMT
Հայաստանի նախագահը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը ողջունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի այցը Հայաստան` ՀՀ տարածքում դեռեւս խորհրդային ժամանակներից մնացած հրթիռային վառելիքի ոչնչացման «Մելանժ» ծրագրի բացման առիթով: Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ հետ համագործակցության արդյունավետությունը` ծավալի, մակարդակի եւ հեռանկարների առումով: Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու ԵԱՀԿ կառույցի բարեփոխումների ընթացքը: Հյուրի խնդրանքով Ռ.Քոչարյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ խնդրի կարգավորումը տեղի է ունենում ԵԱՀԿ շրջանակում եւ ընտրված է բավականին արդյունավետ ձեւաչափ: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: