22 մայիսի 2014 - 13:58 AMT
Մոսկվան կարող է խաղարկել լեզգիների ու թալիշների գործոնը, կարծում է ադրբեջանցի քաղաքագետը

Ղրիմի բռնակցումը, Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի հարավ-արևելքի դեմ, Մոսկվայի առճակատումն Արևմուտքի հետ փոխեցին ղարաբաղյան կարգավորման քաղաքական ֆոնը և ռիսկեր առաջացրեցին խնդրի կարգավորման առումով: Այդ մասին գրում է քաղաքագետ Զաֆար Գուլիևը «Ենի Մուսավաթ» թերթում:

Ըստ նրա, մի կողմից, անմիջական ռիսկեր ու սպառնալիքներ են բխում «Ղրիմի միջադեպի» վտանգավոր համատեքստից, որն անջատողականների «կամարտահայտումը» ճանաչելու օրինակ է հանդիսանում: Մյուս կողմից, անուղղակի սպառնալիքներն են, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական դիմակայության աճով ամբողջ հետխորհրդային տարածքում և մասնավորապես Հարավային Կովկասում:

«Ադրբեջանի համար ուղիղ սպառնալիք կարելի է համարել վերջերս Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչեցվող առաջարկներն Ադրբեջանին պատժելու վերաբերյալ: Պատժել առաջարկվում է ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Ուկրաինային աջակցելու համար՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ միացնելով այն ՌԴ-ին: Մոսկվան կարող է նաև սատարել այժմյան «անորոշ կարգավիճակին» իր հսկողության տակ: Բացի այդ Մոսկվան կարող է օգտագործել «ղարաբաղյան գործոնն» Ադրբեջանում իրավիճակի կտրուկ ապակայունացման համար շփման գծում ռազմական գործողությունների միջոցով և նույնիսկ նոր ադրբեջանական հողեր գրավելու սպառնալիքով: Դրա հետ մեկտեղ ՌԴ-ն կարող է խաղարկել անջատողական տրամադրությունները հյուսիսում (լեզգիներ) և հարավում (թալիշներ): Բացի այդ, Ադրբեջանի դեմ Ռուսաստանը կարող է օգտագործել «ռուսներին ճնշելու» խնդիրը: Մոսկվան կարող է նաև ներքին ճգնաժամ հրահրել, օգտագործելով ազդեցության սեփական գործակալներին, և խամաճիկային կառավարություն ստեղծել»,-ասվում է հոդվածում: Բաքվի հանդեպ ճնշում գործադրելու մղումով Ռուսաստանը կարող է ավելացնել ռազմական ներկայությունն Ադրբեջանի ցամաքային ու ծովային սահմանների մոտ, սադրանքների դիմելով ու իրական սպառնալիքների ցուցադրումով: Այս ամենը Կրեմլը կարղ է օգտագործել ստիպելու համար Ադրբեջանին հրաժարվել արևմտյան ուղղվածությունից և անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը՝ բոլոր քայլերը համակարգելով Ռուսաստանի հետ:

«Մյուս կողմից, Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատումը խարխլում է նրանց փոխհամաձայնությունը ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարգավիճակում այդ գործընթացի համակարգողներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որը ոչ հրապարակայնորեն ԵՄ-ն է ներկայացնում: Ուստի խաղաղ կարգավորման հնարավորությունների պատուհանը անխուսափելիորեն նեղացել է վերջերս: Խնդրի ռազմական լուծումը Ադրբեջանի համար նույնպես բարդանում է և նույնիսկ ռիսկային է դառնում, հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի դաշինքը մի կողմից և ԱՄՆ, ԵՄ ու ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների բացակայությունն Ադրբեջանի համար մյուս կողմից: Հաշվի առնելով այս ամենը, հազիվ թե ղարաբաղյան կարգավորման հույս կա մոտ ապագայում: Այժմ ավելի ակտուալ ու կարևոր է դառնում հակազդեցությունը երկրի անկախությանը սպառնալիքների ու ղարաբաղյան կարգավորման հարցում նոր մարտահրավերների պայմաններում: Այս առումով Ադրբեջանն աշխատում է ամրապնդել գործակցությունը տարածաշրջանային խաղացողների հետ, ընդ որում, ոչ միայն եղբայրական Թուրքիայի, այլ նաև իրար հակադիր Իրանի ու Իսրայելի հետ: Այս ամենի հետ մեկտեղ հնարավոր սպառնալիքներից երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար կարևոր է ապահովել ազգային միասնություն պետության ներսում»,-ասել է Գուլիևը:

Լեզգիներն էթնիկ խումբ են, որը ապրում է գերակշռությամբ հարավային Դաղստանում և հյուսիս-արևելյան Ադրբեջանում։ Լեզգիները խոսում են լեզգիներեն;այդ լեզուն պատկանում է նախ-դաղստանյան լեզվաընտանիքի լեզգինական ճյուղին, թաբասարաներենի և ագուլերենի հետ կազմում է արևելալեզգինական խումբը։ Ըստ մարդահամարների, ընդհանուր ժողովուրդը մոտավորապես 1.000.000 է որոնց 473.800 Ռուսաստան ապրում է և 220.000՝ Ադրբեջանում։ Այժմ, լեզգիները մեծամասնությամբ սուննի մուսուլման են շիա փոքրամասնությամբ։ Թալիշներն (ինքնանվանումը՝ թալիշոն) ապրում են Ադրբեջանի հարավարևելքում և Իրանի հյուսիսային շրջաններում։ Թալիշների մայրենի լեզուն թալիշերենն է, գրական լեզուն՝ ադրբեջաներենը։ Հավատացյալները շիա մահմեդականներ են։ Իրանում Թալիշների թիվը ավելի քան 70 հզ. (1972) է:

Համաձայն 1999թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի` նրանց թիվը 76.800 է, սակայն կան նաև այլ տվյալներ, որոնք ժողովրդագրական բարձր ցուցանիշ ունեցող թալիշների իրական թիվը համարում են 200.000-ից 500.000-ը։ Նույն խնդիրը բնորոշ է Իրանի թալիշներին, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են 112.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` ընդհուպ մինչև կես միլիոն թալիշներ:

Էթնիկ փոքրամասնությունների խնդիրներն Ադրբեջանի ամենացավոտ և երկիրը խոցելի դարձնող հարցերից են, որոնք շարունակում են գոյություն ունենալ` ժամանակ առ ժամանակ ընդունելով դրսևորման նորանոր ձևեր: