24 մայիսի 2014 - 12:41 AMT
AB 1915 օրինագիծ. Հայոց ցեղասպանության թեման կընդգրկվի Կալիֆորնիայի դպրոցական ուսումնական ծրագրում

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նահանգային Վեհաժողովի Հատկացումների կոմիտեն ընդունել է AB 1915 օրինագիծը, որը պահանջում է Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրում։Օրինագծի հեղինակ խորհրդի անդամ Ադրին Նազարյանը կոչ է արել Կրթության վարչությանը ներառել 1915-ի դեպքերը հրապարակումներում և պարտադիր ուսումնական ծրագրի նյութերում, գրում է Asbarez կայքը` հղում անելով ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին (ANCA):

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի կրթության հանձնաժողովն ապրիլին արդեն ընդունել է AB 1915 օրինագիծը, և այժմ այն պետք է քննարկման ներկայացվի Խորհրդի հիմնական օրակարգում։

«AB 1915 օրինագիծը դրվելու է քննարկման, և ես շարունակելու եմ իմ համագործակցությունը Խորհրդի գործընկերներիս և ANCA-ի հետ, որպեսզի ապահովեմ դրա ընդունումը։ Հայոց ցեղասպանության հարցը պետք է անպայման ներառվի մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ուսումնական ծրագրում։ Մենք դրան երկար ենք պատրաստվել: Ուրախ եմ, որ ներկայում նման աջակցություն ունենք»,-նշել է Նազարյանը։

Ավելի վաղ ANCA-ի Արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը հօգուտ AB1915 օրինագծի բաց նամակ է հղել, որում ընդգծել է, որ անկախ նախկինում ընդունված բանաձևերի, Ցեղասպանության թեման շարունակում է դուրս մնալ հանրային դպրոցների մեծ մասի ուսումնական ծրագրից։

Հունվարին, չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմադրությանը, Կալիֆորնիայի նահանգի Ժողովը միաձայն քվեարկել է AB 659 օրինագծի օգտին, որի հեղինակն է Ադրին Նազարյանը: Օրինագիծը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների ուսումնասիրում նահանգի դպրոցներում: Օրինագիծն ուղղված է Ժողովի Սենատի քննարկմանը: «Օրինագծի միաձայն ընդունումը վկայում է, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները չեն ծախվում կամ չեն մերժում ճշմարտությունն ու իսկությունը»,-հայտարարել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի (ANCA –WR) գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը՝ նշելով, որ Ժողովի անդամներ Նազարյանն ու Աչաջյանը շատ կարևոր օրինագիծ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար:

Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի կրթության հարցերի հանձնախումբը միաձայն հաստատել է Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած AB-659 բանաձևը: Ներկայացված բանաձևը, մասնավորապես, նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառում նահանգի ուսումնական ծրագրերի մեջ, Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի, Դարֆուրի ու Ռուանդայի ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործման ընդլայնում:

Կալիֆորնիայի նահանգի Սենատն ընդունել է թիվ 234 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին, որով նախատեսվում է Հայոց ցեղասպանության փաստն ընդգրկել նահանգի կրթական հաստատությունների պատմության ուսումնական ծրագրերում: Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մայք Գատտոն 2014 թ. հունվարի 7-ին ներկայացրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Ինչպես հայտնում է Վեհաժողովի պաշտոնական կայքը, AJR 32 բանաձևը հիշեցնում է մարդու ինքնորոշման ու ժողովրդավարական զարգացման իրավունքների մասին: Ըստ Գատտոյի, Կալիֆորնիայի ժողովուրդը և հայ համայնքը միասնական են ԼՂՀ անկախությանը սատարելու հարցում:

Photo: Asbarez