26 մայիսի 2014 - 12:04 AMT
Արցախում փոխգնդապետ է զոհվել, ևս մեկ զինվոր վիրավորվել է (թարմացված)

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը:

Արդեն մայիսի 26-ին շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Միջադեպերի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից։

Ավելի ուշ պաշտնապության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է զինծառայողի վիրավորվելու մանրամասները։ Նա նշել է, որ գնդակը դիպել է պատին, անդրադարձ կատարելով՝ կպել զինվորի ձեռքին, արդյունքում թեթև վիրավորվածություն հասցնելով նրան։

Նախարարի խոսքով` սահմանին, իհարկե, լարվածություն կա, բայց չի կարելի ասել, թե իրավիճակն ավելի լարված է. «Պետք է հասկանանք` այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է և լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ»,- եզրափակել է նա, գրում է Panorama.am-ը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել է առնվազն 3 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Բայց մինչև այդ՝ մայիսի 20-ին շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արթուր Օհանջանյանը:

ԱՎելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։