26 մայիսի 2014 - 14:21 AMT
Պարտադիրն արդեն պարտադիր չէ․ Կուտակայինի մասին լրամշակված օրենքը վավերացվեց

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 26-ին, վավերացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, որով պարտադիր կուտակայինը դառնում է կամավոր: Օրենքով նախատեսվում է, որ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Մայիսի 15-ին Ազգային ժողովը 67 կողմ, 18 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մայիսի 14-ին օրինագծի քննարկմանը նշել էր, որ մասնակի խմբագրական փոփոխություններ են արել: Նա տեղեկացրել էր, որ հաշվի է առնվելու աշխատողի կամքը, և եթե նա առձեռն կամ փոստով դիմում է ներկայացնում գործատուին և հրաժարվում կուտակային կենսաթոշակային վճար կատարելուց, ապա դա ենթակա է պարտադիր կատարման: Հանրությանը մտահոգող մյուս հարցերին, այդ թվում՝ արդեն վճարված գումարներին, Կառավարությունը մտադիր է անդրադառնալ առաջիկայում:

Հարցին, թե ամեն դեպքում բացառում է, որ գործատուներն աշխատակիցներին երկընտրանքի առաջ կկանգնեցնեն` դիմում չգրել, այլապես աշխատանքից կազատվեն, նախարարը պատասխանել էր. «Չեմ կարծում, որ նման իրավիճակ լինի, որովհետև հիմա վարչապետի հանձնարարականով տեխնիկական լուծումներն ենք տվել օրենքի կիրարկումն ապահովելուն, որը գործատուի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվությունները ներկայացնելու հետ է կապված, այսինքն՝ հնարավորություն էընձեռվելու, որպեսզի գործատուն հաշվետվություն ներկայացնելիս իր աշխատողի կամարտահայտությունը իրացնի նաև հաշվետվության մեջ, և դա ո՛չ դժվարություն, ո՛չ էլ լրացուցիչ վարչարարություն է առաջացնելու գործատուի համար, եթե աշխատողն այդ կամքն արտահայտում է և դիմում է գրում, ապա իրենից պահումներ չեն արվում»:

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ նիստում ապրիլի 29-ին ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը, որով պարտադիր կուտակայինը կդառնա կամավոր: Մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած նախագիծի վերաբերյալ քննարկում էր տեղի ունեցել: