27 մայիսի 2014 - 10:33 AMT
Լոուելի քաղաքապետարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել

ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել: Ինչպես գրում է The Armenian Weekly-ին, դա առաջին հուշարձանն է ԱՄՆ-ում, որը տեղադրվում է պետական շենքի տարածքում: Հուշարձանը խաչքարի տեսքով է, որը գրկել են մոր ձեռքերը: Քարի վրա գրառում կա անգլերեն և հայերեն լեզուներով՝ «In Memory»: Ըստ հուշարձանի հեղինակ, դիզայներ Դանիել Վարուժան Հեջինյանի, ամբողջ աշխարհի 42 երկրներում կա Ցեղասպնության զոհերին նվիրված 230 հուշարձան: «Դրանց մեծ մասը գտնվում է հայկական եկեղեցուն կամ կազմակերպություններին պատկանող տարածքում: Լոուելի հուշարձանը միակն է, որ կանգնեցվել է կառավարական շենքի առջև»,-ասել է նա: Որպես մոդել քանդակագործն օգտագործել է իր քրոջ ձեռքերը: Հեջինյանը նաև Մեծ Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանության մասին իրազեկող մեծ վահանակների ձևավորման հեղինակն է:

«Մեր մայրերը հմուտ վարպետներ էին, նրանք աշխատել են նաև Լոուելում ու բոլոր ջուլհակուհիների երկու երրորդը հայեր են եղել: Նրանք այստեղ են եկել մեր մշակույթի կտավը գործելու և մենք պետք է մեր երախտագիտության պարտքը տանք նրանց»,-ասել է նա:

Լոուելի հայ բնակչությունը 1930-ականներին մի քանի տասնյակ հազարի էր հասնում: 1961 թվականին կառուցվեց ու օծվեց հայկական եկեղեցին: