27 մայիսի 2014 - 16:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ցեղասպանության 100-ամյակին նախագահը Թուրքիայի իր գործընկերոջը պաշտոնապես հրավիրել է Հայաստան (թարմացված)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է լինելու անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»: Մայիսի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նա նշել է, որ պետական հանձնաժողովի կողմից անց է կացվել երկու փուլից կազմված մրցույթ և բազմաթիվ աշխատանքներից ընտրվել է «Շարմ» ընկերության կողմից ներկայացված խորհրդանիշը:

«Անմոռուկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ հիշելու, չմոռանալու, ինչպես նաև հիշեցնելու իմաստն է, և հենց դրա համար էլ ընտրվել է այս ծաղիկը: Խորհրդանիշի վրա գրաֆիկայի միջոցով պատկերված են Ծիծեռնակաբերդի 12 սյուները վերևից: Այն ակտիվ օգտագործվելու է 100-րդ տարելիցի շրջանակում, ինչպես նաև ժապավեններ՝ նույն ծաղկի գույներով»,-ասել է նա, գրում է Tert.am-ը:

Վիգեն Սարգսյանը բացատրել է, որ սև գույնը Ցեղասպանության խորհրդանիշն է, մանուշակագույնը ներկան ու ապագան են արտահայտում, իսկ 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ:

Ինչ վերաբերում է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին, ապա Վիգեն Սարգսյանը նշել է, որ հատուկ ընդգծված և անհատականացված կարգախոս է, և յուրաքանչյուրս այն արտասանելով պետք է հիշենք մեր ընտանիքի պատմությունը, ժողովրդի վերապրած ողբերգությունը:

«Այն պահանջը, որ տեսնում ենք այս ենթատեքստում, պետք է ներկայացնենք համայն աշխարհին»,-ասել է նա:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունվելու է համահայկական հռչակագիր, որում ներառվող սկզբունքային մոտեցումներն այսօր քննարկվել են տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում:

«Այսօր քննարկվել են այն սկզբունքային մոտեցումները, որոնք նպատակ ունենք արտացոլել այդ հռչակագրում: Դրանում լինելու է նաև այն հիմնական ուղղությունների նկարագրությունը, որոնցով իրականացվելու են 2015 թվականի միջոցառումները և այն նպատակները, որոնց այդ միջոցառումները ծառայելուն են»,- հայտնել է Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ հռչակագրի տեսքը կհրապարակվի 2015 թվականի սկզբին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց. առաջին հարցը վերաբերում էր 100-րդ տարելիցի քաղաքական համատեսքին, երկրորդը` տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքներին, երրորդը` 2015 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրին, գրում է Panorama.am-ը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարբեր համայնքների հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ երեկ կայացել է նաև տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողով, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Հանրապետության նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:

«Այս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից»,- նշել է նախագահը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մենք ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել այս աննախադեպ ոճիրը: Մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ:

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին 2015թ. ընթացքում և հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլև վերածննդի ճանապարհը բռնեց: Մենք ոչ միայն վերապրեցինք, այլև կարողացանք համախմբվել և ուղի հարթել դեպի անկախ պետականություն` ազատ Հայաստան:

Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե որն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպես են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:

Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին»,- շեշտել է նախագահը:

Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու և արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով և մեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն և առավել համախմբված Սփյուռք ունենալու մեր ծրագրերով: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան և ազդարարելու ենք հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ:

Մենք կարևոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռականությամբ ենք շարունակելու մարդկության դեմ ուղղված հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող մեր պայքարը»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Ընդգծելով, որ հաշված ամիսներ են մնացել մինչև 2015թ., նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առավելագույնս արդյունավետ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման և օգտակար առաջարկությունների ներկայացման համար:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանյան Առաքելական եկեղեցին որոշում է կայացրել 2015 թվականին անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման և մյուռոնօրհնեքի արարողություններ:

Այսօր ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ:

Նրանք քննարկել են պետության և հայոց եկեղեցիների միջև հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաև Հայրենիքին և Սփյուռքին վերաբերող հարցեր: Կարևորվել է Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ և ընդհանրապես՝ համազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից Սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը:

Հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա Հայոց ցեղասպանությունը համարել է մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործություններից մեկը, որի ժխտումը հանդիսանում է ցեղասպանության քաղաքականության շարունակություն:

Բակո Սահակյանը նաև նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ փոխկապակցելը` այն էլ նախապայմանների տեսքով, լուրջ հարված է հասցնում երկու գործընթացներին և այս ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին:

Մայիսի 26-ին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ պետական հանձնաժողովը ստեղծվել է 2011-ի ապրիլին:Հանձնաժողովի առաջին նիստը հրավիրվել է 2011թ. մայիսի 30-ին, երկրորդը` 2012-ի սեպտեմբերի 20-ին, երրորդը` 2013-ի մայիսի 30-ին:

Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «1915թ.-ի դեպքերի հայկական պնդումների» դեմ իրենք դիվանագիտականից մինչև իրավական հարթություն ակադեմիական աշխատանքներ, թուրքական սփյուռքի օգնությամբ համակարգված ռազմավարություն են կիրառելու։Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին Դավութօղլուն ասել է ի պատասխան Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Իհսան Բարութչուի գրավոր հարցապնդման։

Դավութօղլուն նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2014թ.-ի ապրիլի 23-ին հղած պատմական ուղերձն արտացոլում է իրենց ռազմավարությունն այդ հարցում։«Ուղերձում արտահայտված էր պատմության բոլոր փուլերին տեր կանգնող, ինքնավստահ և ուժեղ պետության կարեկցանքը։ Մենք բարձրաձայնեցինք պատմաբանների կողմից հարցը բոլոր ուղղություններով հանգիստ քննարկելու անհրաժեշտության մասին և կրկնեցինք 2005-ին պատմաբանների ընդհանուր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Մեր նախարարությունն այդ ռազմավարության շրջանակներում երկրի ներսում և դրսում մեր ներկայացուցչությունների միջոցով համապատասխան կառույցների և մարդկանց հետ մշտական շփման մեջ է»,-ասել է Դավութօղլուն։

Նա նշել է, որ որոշ խորհրդարանների ընդունած որոշումներն այդ հարցում իրենց չի խոչընդոտում։ «Նման որոշումները, սակայն, պետք է կանխվեն, դրանց դեմն առնելու համար աշխատանքներ են իրականացվում։ Այդ երկրներում մեր միություններն ու քաղաքացիներն արտահայտում են իրենց վերաբերմունքը»,-նշել է Դավութօղլուն:

Ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:

Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:

ՖՈՏՈՇԱՐՔ