28 մայիսի 2014 - 12:33 AMT
Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամը շնորհավորել է հայ համայնքին Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Հայ ժողովուրդը մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության ու հաղթանակի օրը տոնելու շատ պատճառներ ունի: Այդ մասին ասվում է Կալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Մեթ Դաբաբնեի հայ համայնքին ուղղված ուղերձում: «Ապրիլի 7-ին ես հանդիպեցի հայ համայնքի 350 պատվիրակների հետ, որոնք այցելել էին մայրաքաղաք Սակրամենտո, հասցնելու համար իրենց ձայնն ու տեսակետը կարևոր հարցերի վերաբերյալ: Նրանք կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու AJR բանաձևը Կալիֆորնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու մասին միաձայն ընդունվեց: Մենք դպրոցական ուսումնական ծրագրերում ենք ընդգրկել Հայոց ցեղասպանության դասավանդումը, որպեսզի ապագա սերունդները ճշմարտությունն իմանան համաշխարհային պատմության մասին»,-գրում է նա: Մեթ Դաբաբնեն հիշեցրել է, որ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման տոնակատարությունից մեկ օր առաջ Վեհաժողովը ճանաչեց ԼՂՀ անկախությունը:

«Ձեր համառ աշխատանքն ու ինքնանվիրումը հաջողություն բերեցին ձեզ ԱՄՆ-ում ու դրանում ոչ մի զարմանալի բան չկա: Վերջին վեց ամսում որպես ձեր ներկայացուցիչը Վեհաժողովում, ես աշխատել եմ, որպեսզի ձեր հարցերը լսելի լինեն ու քննարկվեն: Այնուամենայնիվ, իմ կատարած աշխատանքը ձեր հանրության անունից կարևոր է ոչ միայն ձեր, այլ նաև Կալիֆորնիայի բոլոր բնակիչների համար, քանի որ նրանք կարևորում են պատմական ճշմարտության ու մարդու իրավունքները հարգելու ամերիկյան սկզբունքները: Հայ ժողովրդի հաղթանակած ոգին ոգեշնչում է և ես պատրաստ եմ աշխատել միասին ապագայում էլ ավելի մեծ հաղթանակի հասնելու համար»,-ասել է Մեթ Դաբաբնեն:

1918 թվականի մայիսի 28-ին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը, իսկ հայ ժողովուրդը փրկվեց բնաջնջումից: Սակայն ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված եղավ 1918 թվ. հունիսի 4-ին այսպես կոչված Խաղաղության ու բարեկամության մասին պայմանագիր կնքել օսմանյան կառավարության հետ: Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը այն տարածքի սահմաններում, որն այն ժամանակ գտնվում էր ՀՀ հսկողության տակ, այն ընդամնեը 12 հազար քկմ էր և փախստականների հետ միասին մոտ 1 մլն բնակչություն ուներ: