28 մայիսի 2014 - 13:15 AMT
ԵԽԽՎ իրավական հանձնաժողովը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը

ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Հանձնաժողովն այն որակել է որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»:

Կոնվենցիան պահանջում է դատապարտված օտարերկրացիներին հանձնել իրենց հայրենիքին: Նպատակը մարդասիրական է և միտված դատապարտյալների վերաինտեգրելուն ու վերականգնման հեռանկարներին, հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

ԵԽԽՎ կոմիտեի բանաձևի նախագծում, որը կազմվել է Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա, մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար:

Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»: Բանաձևի նախագիծը ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանը 2014-ի ընթացքում:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիաում Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին, ուտեղ Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին: