31 մայիսի 2014 - 11:15 AMT
Մոսկվայի կոնսերվատորիայում Կոմիտասին նվիրված համերգ կանցնի

2014-ի հունիսի 3-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիր՝ Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ: Այն կանցնի Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագծի շրջանակում:

Կոմիտասը հայ երաժշտական ազգագրության հիմնադիրն է, նրա ավանդն այս գործում անգնահատելի է՝ նա հավաքել ու մոռացությունից է փրկել հայկական հին գեղջկական ու գուսանական երգերը՝ կազմելով հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա: Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները:

Հայաստանի երաժշտական արվեստի երկրպագուների ուշադրությանը կներկայացվի բացառիկ ծրագիր, որը բաղկացած կլինի Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաև նրա ժամանակակիցների ու հետնորդների երկերից: Համերգին կմասնակցի Օշականի եկեղեցու Սբ Մեսրոբ Մաշտոցի երգչախումբը:

Միջոցառման կազմակերպիչներն են Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիան և Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը:

Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան), հայ երգահան է, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր: Նա ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։

Կոմիտասը 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար։ Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել։ 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար։ 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա՝ VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետ։ Կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին: 1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում։ Կոմիտասը առաջին ոչ-ևրոպացին էր որն ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ 1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը, 300 անդամներով, և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ է ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը:

1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը (նա աքսորվել է Չանղր, որտեղից հաջողվել է վերադառնալ Պոլիս մի քանի ամիս հետո)՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը։ 1919 թ. փոխադրվել է Փարիզ, և մինչև կյանքի վերջը (հոկտեմբեր 22,1935) մնացել է հոգեբուժարաններում։ Հիվանդության տարիներին զգալի տուժել է նաև նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը։ 1936 թ. նրա աճյունը փոխադրվեց Երևան, որտեղ թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան: