16 մայիսի 2006 - 16:06 AMT
Ռուսաստանի հայերի միությունը մասնակցելու է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին
Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) մասնակցելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին 2007 թվականին: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: «Ռուսաստանում բնակվում է մոտավորապես կես միլիոն Հայաստանի քաղաքացի հանդիսացող հայեր, եւ մենք չենք կարող չմասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին»,- ասել է Ա. Աբրահամյանը, որ Երեւանում է գտնվում իր գլխավորած Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀԿԿ) Գլխավոր խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ: «Խոսքը գնում է, մասնավորապես ֆինանսական աջակցության մասին, ինչպես մենք դա արել ենք 2003 թվականի ընտրություններին»,- հայտարարել է ՌՀՄ նախագահը: Ընդ որում, Ա. Աբրահամյանը չի նշել, թե կոնկրետ որ քաղաքական կուսակցությանն է Հայերի միությունը հովանավորելու, ընդգծելով, որ ներկայումս ճշտվում է ընտրությունների ժամանակ աջակցության մեխանիզմը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: