3 հունիսի 2014 - 16:36 AMT
Իրանում հայկական երեք եկեղեցի կվերանորոգվի

Իրանը պատրաստ է ձեռնամուխ լինել Տղմուտ գետի ափին գտնվող միջնադարյան հայկական երեք եկեղեցու վերանորոգմանը: Հայ եկեղեցաշինության նորմերը պահպանելու խնդրանքով Իրանի «Արազ» Ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչներին է դիմել ՀԱԵ Ատրպատականի թեմի առաջնորդ Գրիգոր Չիֆտչյանը, հայտնում է «Բլագովեստ-ինֆոն»:

Իրանում յոթ ազատ տնտեսական գոտի է գործում, որտեղ Իրանի կառավարությունը մտադիր է զարգացնել տնտեսությունն ու զբոսաշրջությունը: «Արազ» ազատ տնտեսական գոտում Իրանի իշխանությունները մտադիր են վերանորոգել հայկական հուշարձանները: Այդ գոտում են գտնվում նաև Հայոց թեմին պատկանող մեծ հողատարածքներ: Այստեղ են գտնվում նաև Սբ Գրիգոր Լուսավորիչ, Սբ Սարգիս և Սբ Գևորգ եկեղեցիները:

Հայերը վաղուց հեռացել են այս վայրերից, եկեղեցիներն էլ, զրկվելով հավատացյալներից, սկսել են քանդվել: Թեմի առաջնորդները ցանկություն են հայտնել, որ վերականգնողական աշխատանքերին մասնակցեն նաև հայ մասնագետները, ինչն, ըստ «Արազ» գոտու Հուշարձանների պահպանության վարչության ղեկավարի, անպայման հաշվի կառնվի:

Հայկական կողմը համաձայնություն է տվել, որ նորոգումից հետո այդ եկեղեցիներն ընդգրկվեն «Արազ« զբոսաշրջային երթուղիներում:

Այժմ Իրանում 25 հայկական եկեղեցի կա, որից 11-ը գործող, այդ թվում Թեհրանում, Թավրիզում ու Իսֆահանում: Ամենահայտնին Սբ Թադեոսի վանքն է, որը չի գործում, այն գտնվում է Իրանի Արևմտյան Ատրպատական գավառում, Մակու քաղաքի մոտ: Անվանումը կապված է Թադեոս առաքյալի հետ, ենթադրվում է, որ նրա շիրիմը գտնվում է վանքի տարածքում: Ըստ ավանդապատումի, առաջին եկեղեցին նրա գերեզմանի վրա կառուցվել է մ.թ. ա 68 թվականին: Առաջին վկայությունները վանքի մասին գալիս են VII դարից:

Մայր տաճարի այժմյան շենքը կառուցվել է 1329 թվականին, նախկինի տեղում, որն ավիրվել է երկրաշարժից: Վանքի շինությունների մեծ մասը դասվում է XIX դարի սկզբին, երբ այն վերակառուցվեց Իրանի արքայազն Աբբաս Միրզայի օրոք: 2008 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվեցին «Իրանի հայկական եկեղեցիները»՝ Սբ Թադեոսի վանքից բացի նաև Ստեփանոսի ու Ձորձոր վանքերը:

Տարին մեկ անգամ՝ հուլիսի սկզբին, Թադեոսի ծննդյան օրը, եկեղեցում պատարագ է մատուցվում, որին հազարավոր հայ ուխտավորներ են մասնակցում Իրանից:

Սբ Ամենափրկիչ եկեղեցին նաև հայտնի է որպես Վանք՝ Իրանի գլխավոր հայկական եկեղեցին: Այն գտնվում է Իսֆահանում, Նոր Ջուղա հայկական թաղամասում:

Ս.Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայի ամենահին և ամենահայտնի կառույցներից է: Կառուցուել է 1655թ. Շահ-Աբբաս Բ-ի ժամանակ: Վանքի նոր շենքը կառուցվել է ինը տարում՝ Փիլիպոս կաթողիկոս Աղբակեցու և ժողովրդի օժանդակությամբ: Վանքի պատերի հախճասալերը տեղադրւել են 1710-1716 թթ.: Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու, 1702թ-ին կառուցած զանգակատունն է իր չորս զանգերով: Եկեղեցու մուտքի դռան մոտ, խորանարդաձև բարձր շինության վրա, չորս կողմից տեղադրուած Է ժամացույց: 1971թ. Սպահանի թեմի առաջնորդարանի ջանքերով, կառուցվել Է Նոր Ջուղայի թանգարանը: Իսկ գրադարանը, որը ծառայել Է նաև իբրև թանգարան, հիմնվել Է 1905թ.:

Ազգային առաջնորդարանը որոշեց Վանքի բակում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանի երկհարկանի շենք: Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև անվանի եվրոպացի նկարիչների գործեր ու Հայաստանի թագավորների պատկերներով ոսկեդրամներ: Առանձնահատուկ տեղ Է գրավում Վահրամ Յակոբյանի' 7մմ. երկարությամբ մազի վրա գրված հետևյալ նախադասությունը' «՛Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ »: Այն գրվել Է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով: Ս.Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն Էր Իրանում և ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել Է 1636թ.' Խաչատուր Կեսարացու ջանքերով: Վանքի գրադարանը հարուստ է հայերեն, պարսկերեն և ևրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին: Տպարանի շենքի մոտ Է գտնվում 1915թ. Մեծ եղեռնի հուշարձանը, որը կառուցվել Է 1975թ.:

Հավելենք, որ ժամանակակից Ջուղան ամենամեծ ու հին հայկական համայնքային կենտրոնն է Իրանում: Նոր Ջուղան դեռևս հայաշատ թաղամաս է իր դպրոցով և 12 եկեղեցիներով: Նոր Ջուղայի հայերը պահպանում են Իսլամական Հանրապետության կանոնները, սակայն պահպանում են նաև լեզուն ու մշակույթը: Հետաքրքիր է, որ Նոր Ջուղայում բացահայտ, թեև սահմանափակ քանակով, ալկոհոլ է վաճառվում, ինչն ամբողջությամբ արգելված է Իրանի ամբողջ տարածքում: Սա իրանահայերի վաղեմի արտոնությունն է, որոնք ժամանակին համոզել են շահին, որ ալկոհոլն իրենց հարկավոր է «ծիսակարգի» համար: