3 հունիսի 2014 - 16:07 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը. ԵՄ-ի նոր ծրագիրը կարժենա մոտ 1 մլն եվրո

Հունիսի 3-ին Երևանում մեկնարկել է Եվրամիության 949.670 եվրո բյուջեով և 18 ամիս տևողությամբ ծրագրի «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը: Դրա պաշտոնական մեկնարկն ազդարարել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Արևիկ Սարիբեկյանը նշել է, թե Եվրոպան շարունակում է Հայաստանի հետ մերձեցման ուղիներ փնտրել, իսկ ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի և Եվրոպական միության մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը։

Տրայան Հրիսթեան բացման ելույթում հայտարարել է, որ ԵՄ-ն հիմնական դոնորներից է, որն աշխատում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով հզորացնել ժողովրդավարական կառավարումը, ավելացնել օբյեկտիվ տեղեկատվությունը, խթանել քաղաքական բազմակարծությունը։

«Քաղաքացիական հասարակությունը միշտ էլ շարժիչ ուժն է եղել, որի հիմնական նպատակն է օժանդակել ազգային քաղաքական որոշումների կայացման վրա»,- նշել է նա։ Մեկ այլ ոլորտ է ընտրված լրատվամիջոցների աշխատանքը՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց արհեստավարժության մակարդակը։

Ծրագրի իրականացման համար ընտրվել են ՀՀ հինգ մարզեր, որտեղ ավելի ակտիվ ներգրավվածություն կլինի՝ Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։

Պատասխանելով հարցին, թե արդեն իսկ հստակեցվել են այն ոլորտները, որոնց շրջանակում Հայաստանը և ԵՄ-ն պետք է շարունակեն իրենց գործակցությունը՝ հաշվի առնելով ԵՄ-ի կողմից հնչեցվող այն հայտարարությունները, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի` ինչ ոլորտներում է ուզում գործակցել Եվրամիության հետ, դեսպանը նշել է.

«ՀՀ-ի ու ԵՄ-ի հարաբերությունների վերանայումը դեռևս ընթացքի մեջ է՝ այլ որոշումների հետ զուգահեռ, որոնց մեջ Հայաստանը ներգրավված է։ Դա վերաբերում է ոչ միայն կոնկրետ ոլորտների ընտրությանը, այլ նաև այն ուղիներին, թե ինչպես ենք մոտենում այդ ոլորտներին։ Այդ վերանայման գործընթացին զուգահեռ մենք շարունակում ենք իրականացնել Համագործակցության և գործընկերության ծրագրի գործողությունները, որոնք ընթացքի մեջ են»։

Դեսպանը նաև նկատել է, թե ոլորտները չեն կարող հեշտ ու արագ որոշվել։ «Կարող եք ականատես լինել, որ շարունակում ենք գործակցությունը ոլորտային ուղղություններով առանձին նախարարությունների հետ, որպեսզի կարողանանք համահունչ լինել այն որոշմանը, որը Հայաստանը կայացրել է սեպտեմբերի 3-ին։ Դա արագ իրականացվող գործողություն չէ, այլ ժամանակատար աշխատանք է և երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե չկան այդ հարաբերությունները, դա հասկանալի է, բայց իրականում ընթացքի մեջ է»,- նշել է նա, գրում է Tert.am-ը։

2013-ի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների գագաթնաժողովում Հայաստանը պետք է ստորագրեր Ասոցացման և Խորը ու համապարփակ առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրերը, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու ՀՀ մտադրության մասին:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց Եվրոպայի հետ բանակցությունները, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

ՀՀ ղեկավարությունը հայտարարեց, որ Երևանը միտված է խորացնելու ԵՄ հետ գործակցությունն այն մասով, որքանով դա չի հակասի ՄՄ-ին անդամակցությանը:

Հարցին, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակրում հնարավոր է արդյոք ԵՄ–ՀՀ գործակցություն՝ քաղաքական մասով, Տրայան Հրիսթեան պատասխանել է` գործող մանդատի շրջանակում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը չի կարող տարանջատվել Ասոցացման համաձայնագրից, «որովհետև բանակցվել է որպես Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մաս»։

Իսկ գործակցության շրջանակը, ըստ նրա, կարող է լինել փաստաթղթերի այն փաթեթը, որ հայ գործընկների հետ արդեն իսկ համաձայնեցվել են Վիլնյուսի գագաթնաժողովին, ինչպես նաև բանակցային գործընթացներում. «Դրա հետ մեկտեղ կա հայկական կողմի խնդրանքը, որ աջակցենք հետևյալ երեք ոլորտներին` ժողովրդավարություն, մարդու իրավունքի գերակայություն և պայքար կոռուպցիայի դեմ»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հրաժարվել է որևէ գնահատական տալ նոր միության հիմնման՝ Աստանայում տեղի ունեցող գործընթացին. «Մենք դրան կողմ չենք, հարցը տվեք նրանց, ովքեր կողմ են»։

Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսութան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից:

Իսկ հարցին, թե Եվրասիական տնտեսական միության ստեղծումն արդյոք նոր մարտահրավերներ կարող է առաջացնել ԵՄ-ի համար, Տրայան Հրիսթեան նշել է. «ԵՄ-ն միշտ հարգել է իր գործընկների կամքը, եթե դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, ապա հաջողություն իրենց»։

Պատասխանելով հարցին, թե այս ծրագրով հերթական սեպը չի՞ խրվում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություներում՝ նկատի ունենալով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը, որ անհրաժեշտ է «չեզոքացնել» ՀՀ-ում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք, դեսպանի կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում», ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է` ինքն այդպես չի կարծում, չնայած որ չի էլ ցանկանում մեկնաբանել իր գործընկերների հայտարարությունները։

«Այն գործողությունները, որ անում ենք, միտված չեն հաստատելու կամ հերքելու այլ գործընկերների կողմից արված հայտարարությունները։ Այդ ծրագիրը, ինչպես և մնացած գործողությունները, նորություն չեն, և մենք ինչպես աշխատել ենք, շարունակում ենք նույն աջակցությունը ցուցաբերել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ հիմք ընդունելով քաղաքացիական հասարակությունների պահանջը, որը մեր գործընկերների համագործակցությանն ամբողջությամբ համահունչ է»։

Մոսկվայում լույս տեսնող հայկական «Նոև Կովչեգ» (Ноев Ковчег) ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինն ասել էր․ - «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»:

ՖՈՏՈՇԱՐՔ