4 հունիսի 2014 - 11:28 AMT
Օքսֆորդի Համայնքային խորհրդի առաջին կին անդամը պատմում է Հայոց ցեղասպանության մասին

Ալիսա Կուլունգյան-Ուոքերը 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգ է: Նա եղել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Օքսֆորդ քաղաքի Համայնքային խորհրդի առաջին կին անդամը: Նա 85 տարեկան է և պատմում է. «Ես ամերիկահայերի առաջին սերնդից եմ: Իմ ծնողները փախել են Հայաստանից, իսկ նրանց ընտանիքների անդամները սպանվել են: Ես կորցրել եմ իմ բոլոր հարազատներին կոտորածի ժամանակ: Իմ մայրը կորցրել է իր ծնողներին, եղբայրներին ու քրոջը: Իմ հոր հորեղբայրը փախել է Ամերիկա: Իմ հոր մայրը վախենում էր հատել օվկիանոսը նավով: Նա մահացավ անապատում»:

Տիկին Ուոքերն ու նրա ամուսինը՝ Ջեյմս Հ. Ուոքերը, որը 93 տարեկան է, միասին են արդեն 63 տարի, նրանք չորս զավակ են մեծացրել ու մի քանիսին որդեգրել են: Նրանք ծաղիկներ ու բույսեր էին վաճառում, որոնք աճեցնում էին սեփական ձեռքերով: Տիկին Ուոքերը նաև աշխատել է Վուսթերի Պետական ապահովագրական ընկերությունում, իսկ պարոն Ուոքերը տարիներ շարունակ աշխատել է «Շեփարդ Քոնվերթում»:

«Իմ պապը հարգված մարդ էր համայնքում: Թուրքերն ասացին նրան, որ եթե հրաժարվի Հիսուսից, նրան ողջ կթողնեն: Նա կարող էր կենդանի մնալ, եթե հրաժարվեր քրիստոնեությունից: Իմ ծնողները՝ Դավիթ և Զվարթ Կուլունգյանները դեռահասներ էին: Նրանք ողջ մնացին, բայց ստրուկի պես բանում էին թուրք զինվորների մոտ: Իմ հայրն առաջարկեց Զվարթին միասին փախչել, բայց նա հրաժարվեց, քանի որ նա սխալ էր համարում պատանու հետ փախչելը: Իմ հայրը գտավ ֆրանսիացիների ու անգլիացիների ռազմական ճամբարն ու խնդրեց ազատել ստրուկներին, ինչն էլ արվեց: Իմ մորը տեղափոխեցին Լիբանանի լեռներում գտնվող Կարմիր խաչի որբանոցը: Այնտեղ ավագ երեխաները փոքրերին արհեստ էին սովորեցնում ու անգլերեն»,-պատմում է Ալիսան:

Ալիսա Կուլունգյանի պատմությունը հրապարակել է Telegram & Gazette-ը: Զվարթը հետո հայտնվում է Ֆրանսիայում, իսկ Դավիթը նրան գումար է ուղարկում և երկար դեգերումներից հետո նա վերջապես հասնում է ԱՄՆ, որտեղ նրանք ամուսնանում են: Զույգը բնակություն է հաստատում Վուսթերի հայ համայնքում, որտեղ նրանք ունենում են 2 որդի և 2 դուստր: Բայց հետո նրանք բաժանվեցին՝ հայրը տեղափոխվեց Նյու Յորք, իսկ մայրը մնաց Վուսթերում: «Մայրս թոքախտով հիվանդացավ, նա դեպրեսիայի մեջ էր: Նա արգելել էր ինձ այցելել իրեն հիվանդանոցում, Զվարթ հայերեն նշանակում է ուրախ, երջանիկ, բայց նա շատ դժբախտ էր»,-ասում է Ալիսան: Երբ նա ավարտեց Օքսֆորդի միջնակարգ դպրոցը 1946 թվականին, նրա հայրն ասաց, որ չի ֆինանսավորելու բարձրագույն կրթությունը, քանի որ «աղջիկները պետք է ամուսնանան, ոչ թե սովորեն»:

Իր ամուսնուն նա հանդիպեց կիրակնօրյա դպրոցում Առաջին Կոնգրեգացիոն եկեղեցում, որտեղ նա հոգևոր հովիվ էր, իսկ Ալիսան՝ ուսուցչուհի: «Մենք չորս զավակ ունեինք, կենդանիներ, թռչուններ, նաև 14 որդեգիր երեխաներ: Շատ դժվար էր, մեզ օրական 1 դոլար էին տալիս յուրաքանչյուր երեխայի համար: Ես հասկացա, որ ես խոսելու իրավունք ունեմ և նամակ գրեցի Քաղխորհուրդ և խնամառու երեխաների ֆինանսավորման համակարգը վերակազմավորվեց: 1968 թվականին մեր 16-ամյա որդին՝ Ջեյմս Ուոքեր կրտսերը մահացավ աշխատավայրում վերելակի վթարից: Երեք մյուս որդիներս բարգավաճում են, մենք չորս թոռնիկ ունենք»:

Ալիսա Կուլգունյան-Ուոքերն առաջին կինն էր Օքսֆորդի Համայնքային խորհրդում 1983-1998 թթ: Նա նաև միակ կինն էր Մասաչուսեթսի Կենտրոնական պլանավորման Տարածաշրջանային հանձնաժողովում: Տիկին Ուոքերն ասում է, որ նա երջանիկ է, որ ծառայում է իր հանրությանը, և հուսով է, որ մարդիկ կհարգեն յուրաքանչյուր մարդու:

«Երբ Հիտլերը սկսեց Հոլոքոսթը, նա ասաց. «Ո՞վ է հիմա հիշում հայերի մասին»: Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, Հոլոքոսթը գուցե և չլիներ: Պետք է հիշել, որ նման բան այլևս երբեք չկրկնվի»,-ասել է Ալիսա Կուլունգյան Ուոքերը:

Photo: T&G Staff