4 հունիսի 2014 - 12:42 AMT
ՄԻԵԴ-ը կվերանայի Ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի վերաբերյալ դատավճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 5 դատավորի կազմով նախօրեին քննարկել է Շվեյցարիայի կառավարության հայցը ՄԻԵԴ 2013 թ. դեկտեմբերի 17-ի Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ, քանի որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ ասվում էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ: ՄԻԵԴ-ը հրապարակել է հունիսի 2-ին ընդունված որոշումը նախկինում կայացրած դատավճիռը վերանայելու մասին: Գործը փոխանցվել է ՄԻԵԴ Գերագույն պալատի քննարկմանը, հայտնում է Asbarez-ը Le Matin-ի վրա հղումով:

Մարտի 11-ին Շվեյցարիայի կառավարությունը հայտարարեց, որ բողոքարկելու է ՄԻԵԴ 2013 թ, դեկտեմբերի 17-ի որոշումը: Որոշումը կայացրել էր Շվեյցարիայի արդարադատության դաշնային նախարարությունը, որը խնդրում է ՄԻԵԴ-ին վերանայել որոշումը, որը հակասում է Շվեյցարիայի քրեական օրենսդրությանը, որով ռասիզմի համար պատիժ է սահմանված: Շվեյցարիան ներառել է այդ դրույթը քրեական օրենսդրության մեջ, որն ուժի մեջ մտավ 1995 թվականին, փակելու համար սողանցքերը քրեական իրավունքի մեջ, թույլ տալով երկրին միանալ ՄԱԿ Կոնվենցիային ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին:

«Մենք ողջունում ենք Շվեյցարիայի կառավարության ՄԻԵԴ վճիռը բողոքարկելու որոշումը: Այդ որոշմամբ Շվեյցարիան կրկին փորձում է պաշտպանել սեփական օրենսդրությունը և միաժամանակ արդարացնում է բոլոր հայերի ակնկալիքները, դադարեցնելով վեճերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Անշուշտ, գործընթացը դեռ մի քանի փուլ պետք է անցնի, բայց սկիզբն արդեն դրված է»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ:

Ըստ շվեյցարական օրենքի, 2007 թվականին Թուրքիայի քաղաքացի Դողու Փերինչեքը դատապարտվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ի վիճակի չլինելով հաղթել երկու բողոքարկումներում՝ Փերինչեքը դիմեց ՄԻԵԴ, որը դեկտեմբերի 17-ին վճռեց, որ Շվեյցարիայի դատարանը խախտում է խոսքի ազատությունը:

Լոզանի ոստիկանությունն ու դատարանը 2007 թ. մարտի 9-ին մեղադրեցին Փերինչեքին ռասայական խտրականության մեջ Շվեյցարիայի քրեական օրենսդրության հիման վրա: Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի 2005 թ. հուլիս 15-ի բողոքի հիման վրա դատարանը որոշեց, որ Փերինչեքի դրդապատճառները եղել են «ռասիստական» և չեն նպաստել պատմական բանավեճին:

«Դատարանը նշում է, որ զգայուն ու հակասական պատմության հարցերը բացահայտ քննարկելու և ազատ արտահայտելու իրավունքը ազատության հիմնարար դրույթներից է և դրանով է հանդուրժող ու բազմակարծություն դավանող ժողովրդավարական հասարակությունը տարբերվում տոտալիտար և բռնատիրական ռեժիմներից: Դատարանը նաև նշում է, որ չի կարող իրավական գնահատական տալ Հայոց ցեղասպանության հարցում: Դժվար է ապացուցել ցեղասպանության իրողությունը, որը իրավական առումով հստակ չի սահմանվել: Դատարանը կասկած հայտնեց, որ կարող է ընդհանուր համաձայնություն ձեռք բերվել այդ իրադարձությունների վերաբերյալ: Վերջապես դատարանը նշում է, որ այն պետությունները, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հարկ չեն համարել քրեականացնելու Ցեղասպանության ժխտումն այն անձանց հանդեպ, որոնք չեն ընդունում պաշտոնական տեսակետը»,-ասվում էր ՄԻԵԴ մամուլի հաղորդագրության մեջ:

2013-ի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը Ստրասբուրգում որոշել է, որ Շվեյցարիան խախտել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի իրավունքը։

Նա իրավաբանական գիտությունների դոկտոր է ու Թուրքիայի աշխատավորկան կուսակցության առաջնորդը, մասնակցել է 2005-ի Շվեյցարիայում կայացած տարբեր խորհրդաժողովների, որտեղ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան վերջինիս արտահայտությունների պատճառով դիմել էր Շվեյցարիայի դատարան: Լոզանի դատարանը 2007-ի մարտին Փերինչեքին ռասայական խտրականության մեջ մեղավոր էր ճանաչել՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Դա առաջին անգամն էր, երբ Շվեյցարիայում կիրառվել է 1995-ի ուժի մեջ մտած օրենքը: Փերինքեկը հայոցվ բողոքարկել էր այդ որոշումը՝ հարցի շուրջ լրացուցիչ հետազոտություններ պահանջելով: Վերաքննիչ դատարանը նույն տարվա հունիսին մերժել էր նրա բողոքը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Փերինչեքը բողոքարկել էր դատավճիռը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին հաստատել էր որոշման օրինականությունը 2007-ի դեկտեմբերին: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ՝ նշելով, որ իր իրավունքները ոտնահարվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով, մասնավորապես. 7 հոդվածով՝ պատիժ բացառապես օրենքի հիման վրա, 10՝ կամքի ազատ արտահայտում: ՄԻԵԴ-ը՝ քննելով նրա բողոքը, հայտնաբերել էր 10-րդ հոդվածի խախտում, որևէ դրամական փոխհատուցում չնշանակելով:

«Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ», -ասվում է դատարանի որոշման մեջ․- «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ խոսքի ազատության խախտման քողի տակ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Որոշումը կարող է վատ օրինակ ծառայել Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար: Այն փաստը, որ դատարանի որոշոմը չի եղել միաձայն, վկայում է, որ որոշումը վերանայելու համար իրավական նորմեր կան: Պետք է մեր ջանքերն ուղղենք դրան»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ:

ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում:

Փետրվարի 17-ին Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասնագետները, հայտնի գիտնականները բաց նամակ էին հղել ՄԻԵԴ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի առնչությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները գտնում են, որ դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով: Իր հերթին 2014 թ. մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը։

«Բայց վստահ ենք, որ ՄԻԵԴ-ն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել»,- նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ շվեյցարական կառավարությունը հետամուտ կլինի իր որոշմանը: