4 հունիսի 2014 - 15:56 AMT
Ցեղասպանության ժխտումով հասցրած վիրավորանքի համար Հոլանդիայի հայերը կարող են դատի տալ թուրքերին

Այս տարի Նիդերլանդների Ալմելո քաղաքում հայկական եկեղեցուն կից` եկեղեցու սեփական հողամասում, կառուցվել է Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիր (16 թեք խաչքար շրջանաձև տեղադրված, մեջտեղում կլոր կրակաման շուրջ մեկ մետր շառավիղով):

Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, որին մասնակցել են Հոլանդիայի խորհրդարանի երեք պատգամավոր, Ալմելոյի քաղաքապետի տեղակալը, ՀՀ դեսպանը և շուրջ 2000 ներկաներ: Ի դեպ եկեղեցու բակում տարիներ առաջ տեղադրվել էր խաչքար-հուշարձան հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցին գտնվում է քաղաքի հյուսիսային ծայրամասում:

Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամներից մեկը, ծագումով թուրք, տեղեկանալով այս նոր կառույցի մասին, հրահրել էր թուրքերին, որ ցույց կազմակերպեն հուշարձանի բացման օրը, բողոքելով «ցեղասպանություն-գենոցիդ» բառի առկայության դեմ: Այդ ցույցը, որին մասնակցել են շուրջ 200 մարդ, տեղի է ունեցել ապրիլի 24-ին Ալմելոյի քաղաքապետարանի մոտ: Դրանով չբավարարվելով` Թուրքիայի հյուպատոսը ժողովել է բոլոր թուրքական կազմակերպությունները և հրահանգել, որ մեծ ցույց կազմակերպեն Ալմելոյում հունիսի 1-ին` քաղաքապետարանից պահանջելով ջնջել տալ «գենոցիդ» բառը:

Քաղաքապետարանը հայտնել է, որ շինությունը գտնվում է եկեղեցու տարածքում և բավարարում է շինարարության բոլոր նորմերին, իսկ ցույցի վայրը նշանակել է քաղաքի հարավում գտնվող մի դաշտ: Թուրքերն իրենց մզկիթներում կոչ են արել հավաքվել Ալմելոյում և բոլոր կողմերից ավտոբուսներով ամբոխին բերել են Ալմելո:

Ոստիկանության տվյալների համաձայն ցուցարարների թիվը կազմել է մոտ 3000 մարդ, սակայն կազմակերպիչները նշում են, որ 4000-ից 5000 մարդ է եղել: Սա այն դեպքում, որ միայն Ալմելոյում բնակվում են շուրջ 8000 թուրք, այնպես որ հետաքրքրությունը ցույց կատարելու այնքան էլ շատ չի եղել, հատկապես որ որոշ թուրք և քուրդ կազմակերպություններ կտրականապես հրաժարվել են ցույցին մասնակցելուց:

Ցույցի ընթացքում ցուցարարները բղավել են լոզունգներ հայերի դեմ, ինչպես օրինակ «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը», հնչել է օսմանյան հաղթանակի քայլերգը, օսմանյան կարմիր տարազներով շեփորահարների կատարմամբ և այլն: Սակայն ընդհարումներ ցույցի ժամանակ չեն եղել:

Նախօրեին Ալմելոյի եկեղեցական խորհուրդը հրատարակել է հայտարարություն` դատապարտելով ցույցը և պահանջելով ցեղասպանության հերքումը պատժել օրենքով:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կապվել է թե խորհրդարանի պատգամավորների և թե Ինտեգրացիայի և սոցապ նախարար Աշերի հետ` պահանջելով հետազոտություն կատարել թուրքերի նմանատիպ աշխատանքների մասին և կանխել ապագա ազգամիջյան անախորժությունները Թուրքիայից ներմուծված գաղափարախոսությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի հետ զրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները, նշեց FAON ղեկավար Մաթո Հախվերդյան-ը, հայկական կազմակերպությունները քննարում են դատարանին դիմելու նպատակահարմարությունը` թուրքերի կողմից ցեղասպանությունը ժխտելով հոլանդահայերին վիրավորանք հասցնելու համար:

Համալիրի շինարարությունը սկսվել էր 2013-ին բարերար Քրիստիան Գելիջինի հովանավորությամբ: Հեղինակ-նախաձեռնող Քրիստիան Գելիջինն ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հուշահամալիրն աշխարհին ևս մեկ անգամ սթափության կոչ անելու նպատակ է հետապնդում` բացառելու ցեղասպանության կրկնությունը:

Հուշահամալիրը կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարով, հայկական տուֆից: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում՝ Վանաձորում: Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հաջորդ տարի հուշահամալիրի հարևանությամբ ցեղասպանության թանգարան կառուցել:

2001-ին հոլանդական Ասեն քաղաքում տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց 1915-1923 թթ. Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Անհայտ հեղինակի կերտած խաչքարը բերվել է Հայաստանից և օրհնվել: Վերևում 3 խորշ է, որտեղ պատկերված է Քրիստոսը երկու հրեշտակի հետ, մեջտեղում` մեծ խաչ:

Photo: Coen-Mulder