4 հունիսի 2014 - 15:48 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԵԱՀԿ նախագահը Հայաստանում է. Պետք է քայլ առ քայլ շարժվենք դեպի խաղաղություն (թարմացված)

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը հունիսի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանի և անմար կրակի մոտ: Շվեյցարիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Ավելի ուշ նախագահի նստավայրում կայացել է Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահների նեղ կազմով բանակցությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ և վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության նախագահը ու միաժամանակ նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը:

«Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները: Բարով եք եկել Հայաստան»,- հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Դիդիե Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է գտնվել Հայաստանում տարածաշրջանի երկու նախորդ երկրներ այցելությունից հետո:

«Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն նախագահ, բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, և դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն: Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, և դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, և այն աշխատանքի մասին, որ կատարում ենք»,- ասել է Բուրկհալտերը:

Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձևաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները:

ՀՀ նախագահը նշել է, որ հանդիպմանը քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձել տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին և փոխգործակցության խնդիրներին:

«Մանրամասն անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը:

Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է»,- նշել է նախագահն ու հավելել, որ խնդրել է ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի մեր բոլոր գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում:

«Պարոն Նախագահին հայտնեցի մեր ժողովրդի երախտագիտությունը Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, համամարդկային արժեքներին նվիրվածության և դրանց խրախուսման գործում Շվեյցարիայի անկոտրում հանձնառության համար:

Արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Բոլոր դեպքերում, մենք, իհարկե, շնորհակալ ենք Շվեյցարիային այդ բարդ գործընթացի մեջ դերակատարություն ունենալու համար: Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Իր հերթին Շվեյցարիայի համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը նշել է, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական են, և իրենք նպատակ ունեն ընդլայնել առևտրա-տնտեսական հարաբերությունների շրջանակները և շնորհակություն են հայտնում ՀՀ-ին՝ ԵԱՀԿ-ի շրջանակներում Շվեյցարիային աջակցելու համար:

«ԵԱՀԿ-ն պետք է լինի անկողմնակալ կառույց և մենք լինելու ենք անկողմնակալ նաև ԵԱՀԿ-ի շրջանակներում»,-նշել է Շվեյցարիայի նախագահը` հավելելով, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, որի շրջանակներում փորձ է արվում լուծել տարիների պատմություն ունեցող ղարաբաղյան հակամարտությունը. «Ստատուս-քվոն չպետք է պահպանվի և մենք էլ քայլ առ քայլ պետք է շարժվենք դեպի խաղաղություն և պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմը: Պետք է խրախուսել նաև երկկողմ շփումները նախագահների միջև»:

Դիդիե Բուրկհալտերը նշել է, որ իրենք առաջ են մղում մադրիդյան սկզբունքների և միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման գործընթացը: Շվեյցարիայի նախագահը նշել է, որ խաղաղության տարածումը ամրագրված է Շվեյցարիայի սահմանադրության մեջ և նրանք այդպես էլ առաջնորդվելու են:

Դիդյե Բուրկհալտերը հանդիպել է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Վերջին տարիներին Հայաստանը և Շվեյցարիան լուրջ առաջընթաց են արձանագրել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման առումով, և մենք լիահույս ենք համատեղ ջանքերով առավել խորացնելու և զարգացնելու մեր հարաբերությունները»,- ողջունելով հյուրին` ասել է ԱԳ նախարարը:

«Մենք ունենք շատ լավ ու բարեկամական հարաբերություններ, ամուր իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, նախատեսվում է շվեյցարացի գործարարների այցելություն Հայաստան, որի արդյունքում, հուսով եմ, հնարավոր կլինի Շվեյցարիայից ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում»,- ասել է Շվեյցարիայի նախագահը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ուղիները, անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող քայլերին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ շվեյցարական նախագահությունն անվերապահորեն սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և ափսոսանք է հայտնել, որ առ այսօր հնարավոր չի եղել իրականացնել միջնորդների՝ միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, ինչի կապակցությամբ արտգործնախարար Նալբանդյանը բարձր է գնահատել գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները և կարևորել դրանց շարունակականության ապահովումը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրկհալտերը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության ԱԳՆ և Շվեյցարիայի Համադաշնության ԱԳ դաշնային դեպարտամենտի միջև՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման մասին:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ևս հանդիպել է Դիդյե Բուրկհալտերի հետ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունն է և կարևորել միջազգային հանրության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը Ադրբեջանին դատապարտելու ու կառուցողական հուն բերելու ուղղությամբ:

Միաժամանակ, երկրի ղեկավարը վերահաստատել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ