4 հունիսի 2014 - 16:01 AMT
Լոս Անջելեսում լույս է տեսել «Ցեղասպանության գրադարանի» 6-րդ հատորը

Լոս Անջելեսում առաջին անգամ լույս է տեսել Մ. Սալպիի «Մեր խաչը» պատմվածքների ժողովածուն: Գիրքը հրատարկվել է Ֆրանսիայում 1921 թվականին հայերեն լեզվով, հետո թարգմանվել է ֆրանսերեն: Գրքի անգլերեն թարգմանությունը Իշխան Ջինբաշյանինն է: Ինչպես գրում է Asbarez-ը, ժողովածուն կազմեց «Ցեղասպանության գրադարանի» 6-րդ հատորը: Նոր հրատարակությունը ներառել է նաև հայերեն բնօրինակի պատկերները:

Մ.Սալպին Արամ Սահակյանի կեղծանունն է, նա բժիշկ էր, գրող, լրագրող ու քաղաքական ակտիվիստ: Նա բժշկական ծառայության է եղել թուրքական բանակում Առաջին համաշխարհայինի տարիներին: Ծառայության ժամանակ Սահակյանը հանդիպել է հայ զինվորների ու սպաների հետ, որոնք պատմել են իրենց ընտանիքների ծանր վիճակի մասին բռնագաղթից ու եղեռնից հետո: Ավելի ուշ Արամ Սահակյանը բժիշկ է եղել Եգիպտոսի Պորտ Սաիդում գտնվող հայ փախստականների ճամբարում, ինչպես նաև ճամփորդել է Պաղեստինում, Լիբանանում ու Սիրիայում:

Ցեղասպանությունից մազապուրծ մարդիկ պատմել են Սահակյանին բռնագաղթի սարսափների մասին, նորմալ կյանքին վերադառնալու ու սիրելիների հետ վերամիավորվելու իղձերի մասին, որոնց նրանք կորցրել էին: Սահակյանի դառնությամբ լի ու հուզիչ պատմվածքները անմոռանալի բնավորություններ ու կերպարներ են կերտում, ցույց տալով մի ամբողջ ազգի կատակլիզմը, որն ամեն ինչի դիմակայեց ու վերապրեց: «Մեր խաչը» Սահակյանի վերապրածն է ու խորապես ընկալած ժամանակագրությունը, որոնք ընդմիջվում են մտորումներով իր ժողովրդի ահռելի կորուստների մասին»,-գրել է Հակոբ Մանջիկյանը գրքի նախաբանում: