4 հունիսի 2014 - 16:30 AMT
էլեկտրաէներգիան կթանկանա 3,8-4,3 դրամով

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հունիսի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ սակագների խնդիրը սառած խնդիր չէ և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա: Ըստ նրա, այս պահին էներգետիկ համակարգում ստեղծված են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներով` սակավաջուր տարիներ են եղել, որոնց հետևանքով նվազել է հիդրոարտադրանքը, և ալն. «Քննարկումներ ընթանում են և երբ դրանք բերեն նրան, որ սակագին պետք է վերանայվի` կարվի:

ՀԾԿՀ-ն շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

ՀԿԾՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը, կարևորելով էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, ինչպես նաև` նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր շահագրգիռ անձի ուսումնասիրելու հանձնաժողովի կողմից կատարված հաշվարկները և դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, հանդես գալ բանավոր կամ գրավոր առաջարկություններով, տեղեկացնում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն զանգահարել 528590 (ներքին՝ 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում Հայաստանի էլցանցերը տուգանվել է 20 մլն դրամով: Պատճառը` ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկվել են էլէկտրամատակարարումից: Բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը ՀԷՑ-ն է: Հետևաբար, հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինս իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: Ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև կողմերի հետ կազմակերպված քննարկումների և լսումների արդյունքում, հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀԷՑ-ի գործողություններն օրինական չեն:

ՀԷՑ-ը վերջերս ևս ՏՄՊՊՀ տեսադաշտում էր: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում` միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ապրիլի 16-ի նիստում 5 մլն դրամով տուգանել է (ՀԷՑ) նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման և ֆինանսականան կարգապահության համար: Ընկերության նկատմամբ ֆինանսական տույժը կիրառվել է նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշել է, որ դա ավելի կծանրացնի ընկերության ֆինանսական վիճակը։

Արդեն տևական ժամանակ՝ խոսվում է, թե ՀԷՑ-ը ֆինանսական վատ վիճակում է։ Դեռևս փետրվարի 26-ին, օրինակ, Yerkir.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով Էլցանցերը մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի սնանկացման մասին, որը կապված է վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ։ Մոտ 935․000 սպառողի սպասարկող այդ ընկերությունը կհասցվի կանխամտածված սնանկության, և այդ կերպ կլուծվի էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Ընկերությունը, սակայն չէր մեկնաբանել սնանկացման մասին լուրերը։

Վերջին անգամ էլէներգիան թանկացումից դեռ մեկ տարի էլ չի անցել՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել: