17 մայիսի 2006 - 14:13 AMT
Մոսկվայում տեղի կունենա «Քաղաքականությունը եւ հայ երիտասարդությունը» թեմայով սեմինար
Մայիսի 18-ին Ռուսաստանի Հասարակական-քաղաքական կենտրոնի կոնֆերանսների դահլիճում Մոսկվայի «Միտք» Հայ երիտասարդության միության նախաձեռնությամբ եւ «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ տեղի կունենա «Քաղաքականությունը եւ հայ երիտասարդությունը» թեմայով սեմինար, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Սեմինարի նպատակն է հայ երիտասարդության սոցիալ-տնտեսական ակտիվության բարձրացումը, հայ երիտասարդական կազմակերպությունների ուշադրության սեւեռումը Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացներին: Հանդիպմանը կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության դերին, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում մոսկովյան հայկական երիտասարդական կազմակերպությունների դերին, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, երիտասարդական քաղաքականությանը, պետության եւ քաղաքացիական հասարկության համագործակցությանը վերաբերող հարցեր: Սեմինարին հրավիրվել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունները եւ տարբեր բուհերի հայկական ուսանողական ասոցիացիաներ: