7 հունիսի 2014 - 12:51 AMT
Դինքի սպանության գործով դատավարությունը կարող է վերսկսվել

Թուրք պաշտոնյաները, որոնց մեղադրում են հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում անփութության և թերանալու համար, կարող են կրկին պատասխանատվության կանչվել, քանի որ Ստամբուլի դատարանը չեղյալ է համարել նախորդ որոշումը: Նախորդ որոշման համաձայն Ստամբուլի նախկին նահանգապետ Էրգուն Գունգորը, Ստամբուլի ոստիկանության ղեկավար Ջելաեդդին Ջերան, Ստամբուլի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը և ևս 6 ոստիկաններ անմեղ ճանաչվեցին 2007 թ. սպանության գործով:

Ստամբուլի դատարանը խորհուրդ է տվել վերսկսել հետաքննությունը 9 մարդու հանդեպ՝ հետևելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: Դինքի ընտանիքի փաստաբան Հասան Բաքիրչիօղլուն հաստատել է, որ ներկայումս հետաքննությունը կարող է իրավաբանորեն վերսկսվել, գրում է Hurriyet Daily News-ը:

2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սպանության գործով գլխավոր մեղադրյալ Էրհան Թունջելն ազատ արձակվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով մարտի 11-ին:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

«Էրգենեկոնի» և «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործերով նոր դատախազ նշանակվեց Մուրատ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքաշին, որին հեռացրեցին պաշտոնից 2014 թվականի հունվարին: Ինամն արդեն ստացել է գործերի բոլոր նյութերը:

Աքաշը հեռացվեց պաշտոնից, քանի որ մտադիր էր ընդլայնել կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյաների ցուցակը և քանի որ ինքն էր արտոնել «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները: Ստամբուլի ոստիկանապետ Սելամի Ալթինոկն այն ժամանակ հրաժարվեց կատարել դատախազի արտոնած ձերբակալությունները: Մուամմեր Աքաշը հունվարի 16-ին նշանակվեց աշխատանքի գլխավոր դատախազ Թեքիրդակի գրասենյակում Թուրքիայի Դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի որոշմամբ:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: