7 հունիսի 2014 - 13:18 AMT
Փոխարտգործնախարարը` ադրբեջանական սադրանքների, Ղարաբաղի ու Մաքսային միության մասին

Ադրբեջանն ամեն ինչ անում է Սարգսյան - Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար: Նման տեսակետ է հայտնել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, որի արդյունքում երեկ երկու հայ զինծառայող է սպանվել:

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ), հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից:

Քոչարյանի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած ակտիվացմանը, որն ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով.

«ԵԱՀԿ գործող նախագահը, գալով տարածաշրջան, և համանախագահները, և Ֆրանսիայի նախագահը արդեն ուղղակի առաջարկել է հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է` միջնորդները հակված են, որպեսզի վերջ դնեն այս տեղում դոփելուն: Իսկ հիմքը դրան վերջ դնելու, դա նույն մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Եվ Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամեն ինչին: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»:

Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի նախագահի առաջարկած հանդիպումը Փարիզում, փոխարտգործնախարարը արձագանքել է.

«Խնդիրը հենց նրանում է, որ ադրբեջանական կողմի քայլերն ուղղված են այդ հանդիպումն անորոշ հետաձգելուն… Ադրբեջանը, միտումնավոր դա մտցնելով փակուղի, ձևավորում է մի նոր իրավիճակ: Կամ Ադրբեջանը պետք է գա կառուցողական դաշտ, մոտակա ժամանակահատվածում ես չեմ էլ տեսնում դրա հնարավորությունը, կամ էլ պետք է միջնորդները նոր մոտեցումներ դրսևորեն»,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մայիսի 13-ին պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում պատրաստակամություն է հայտնել անել ամեն ինչ՝ ԼՂ խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Նա շեշտել է` զինադադարը բավական չէ, պետք է լուծում գտնել. «Երեկ զինադադարի քսանամյակն էր, բայց դա լուծում չէ, պետք է նոր լուծում գտնել: Սա հակամարտություն է, որը հազարավոր կյանքեր է խլել: Ֆրանսիան պատրաստ է ընդունել երկու եկիրների` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որպեսզի փոխվստահության հասնեն ու լուծեն խնդիրը»:

Շավարշ Քոչարյանը պատահական չի համարում, որ տարածաշրջանային այցով այս շաբաթ Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը հատուկ շեշտել է հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման, մասնավորապես` սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:

«Դա հենց պատասխանն է միջնորդների, կամ տվյալ պարագայում ԵԱՀԿ-ի, այն սադրիչ քայլերին, որ իրականացնում է Ադրբեջանը: Իմ գնահատականով, այսպիսի քաղաքականության շարունակությունը`բացահայտ ռասիստական, ռազմատենչ, ես կասեի միջնադարյան քաղաքականությունը միևնույն է բերելու է արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը միջազգային հանրության կողմից: Որովհետև այլ ելք արդեն այս վիճակում չկա:

Հունիսի 4-ին պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է. «Բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, և դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն»:

Շավարշ Քոչարյանն անդրադարձել է նաև Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևի հնչեցրած նախապայմաններին: Ըստ այդմ, հիշեցնենք, Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միության ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, ասել է թե` առանց Լեռնային Ղարաբաղի:

Փոխարտգործնախարարն այնքան էլ կոռեկտ չի համարում Նազարբաևի հայտարարությունը, բայց դատել, ըստ նրա, պետք է ոչ թե հայտարարություններով, այլ այն փաստաթղթով, որն արդեն ընդունվել է. - «Լրիվ փաստաթուղթը առկա է, Եվրասիական հանձնաժողովի կայքում կա: Առաջարկում են ծանոթանալ այդ փաստաթղթին, որը շատ հստակ ասում է, որ մինչև ամսի 21-ը պետք է ներկայացվի ստորագրման համաձայնագիրը»:

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ղազախստանի նախագահը հայտատարել էր, թե «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»:

«Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից: Սա քննարկման համար»,- ասել էր Նազարբաևը:

Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն անպատասխան էին թողել Նազարբաևի հայտարարությունը, ինչը հակասական կարծիքների տեղիք էր տվել. ԶԼՄ-ներում անգամ նշվում էր, թե Սերժ Սարգսյանն այդ նամակի մասին չի իմացել, անակնկալի է եկել, անգամ` խուճապի մատնվել:

Հայաստանի փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի` մեծ արձագանք ստացած այն հայտարարությանը, թե Ղարաբաղը չի կարող լինել Մաքսային միությունում, քանի որ Ղարաբաղը մեր օրենսդրությամբ ու մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ: Հայտարարությունն արժանացավ շատերի լուրջ քննադատությանը: Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը փոխանցել էր` Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է:

Շավարշ Քոչարյանը, մինչդեռ, հակադարձում է, թե պետք չէ այդպիսի հայտարարություններով ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին: Պաշտոնական Բաքուն, նրա խոսքով, այսօր ամեն ինչ անում է, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնի որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև` Ղարաբաղը ներկայացնելով ոչ թե որպես ինքնորոշված միավոր, այլ Հայաստանի կողմից օկուպացված տարածք:

«Եթե մեկը ասում է, որ Ղարաբաղը կազմում է Հայաստանի մաս, դա նույնն է, որ ինքը Ալիևին, ներողություն, «պաս տա»… Մի՞թե կարելի է այդպես մտածել կամ նույնիսկ այդպիսի հարց ձևակերպել: Երբեք Հայաստանի մոտեցումը չի եղել, որ Ղարաբաղը դա Հայաստանի մաս է: Ղարաբաղն անկախ պետություն է: Մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցվում են հորիզոնական, դա ակնհայտ է: Բայց դա, իր հերթին, ամենևին չի նշանակում, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև լինելու է սահման», - նշել է Շավարշ Քոչարյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցներին, որտեղ հայտարարել է.

«Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով այսօր Հայաստանի մաս չի կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»: