7 հունիսի 2014 - 15:16 AMT
Պորոշենկոյի երդմնակալությունը. Խախտված դրես-կոդը, ուշագնաց զինվորն ու ռուսերենն ուկրաիներենի փոխարեն

Պյոտր Պորոշենկոն, հաղթելով Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններում, հունիսի 7-ին հավատարմության երդում տվեց Ուկրաինայի ժողովրդին և դարձավ անկախ Ուկրաինայի հինգերորդ նախագահը: Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում:

Ըստ երդմնակալության արարողակարգի, ԿԸՀ ղեկավար Միխայիլ Օխենդովսկին ընթերցեց հանձնաժողովի որոշումը երկրի նախագահի պաշտոնում Պորոշենկոյի ընտրվելու մասին: Այնուհետև Ուկրաինայի ՍԴ ղեկավար Յուրի Բաուլինը ընդունեց Պորոշենկոյի երդումը, նա արդեն համարվում է գործող նախագահ:

Պորոշենկոն ստանձնեց նաև ԶՈւ Գերագույն հրամանատարի լիազորությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնկացել է 56 օտարերկրյա պատվիրակություն, որից 23-ը ներկայացված էին նախագահների, վարչապետերի կամ խորհրդարանների ղեկավարների մակարդակով: Կիևում Պորոշենկոյի երդմնակալությանը մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ուկրաինական «Վեստի» կայքը, Պյոտր Պորոշենկոն ժամանել է երդմնակալությանը դեղնակապտավուն փողկապով, դրանով իսկ կոպտորեն խախտելով դրես-կոդը: Ըստ կանոնների, Պորոշենկոն պետք է լիներ սև գույնի դասական կոստյումով, սպիտակ վերնաշապիկով ու կարմիր փողկապով: Հարկ է նշել, որ ընտրարշավի բոլոր լուսանկարներում Պորոշենկոն նախագահի պես էր հագնված:

Մինչ օրս Պորոշենկոյի նախորդներից ոչ մեկը դրես-կոդը չէր խախտել: Պահպանեց ընդունված կանոնները նաև Կիևի քաղաքապետ ընտրված Վիտալի Կլիչկոն:

Ընդ որում երդմնակալության անցկացման վայր Պորոշենկոն ժամանեց առանց դրոշի «Մերսեդեսով», որը նաև համարանիշ չուներ: Հենց որ նորընտիր նախագահը մտավ Ռադա, մեքենային փակցրեցին Ուկրաինայի դրոշը: Արարողությունից առաջ մի փոքր միջադեպ տեղի ունեցավ՝ պատվո պահակախմբի զինվորներից մեկը վայր գցեց զենքը, գրում է «ЛІГАБізнесІнформ»-ը: Երբ Պորոշենկոն անցավ կարմիր գորգով և արդեն մտնում էր Գերագույն ռադայի շենքը, անմիջապես մուտքի մոտ կանգնած զինվորի ձեռքից ընկավ կարաբինը: Դրանից հետո երիտասարդն ինքն էլ քիչ էր մնում ընկներ՝ ականատեսները ենթադրում են, որ նա կարող էր արևահարված լինել, քանի որ զինվորները մեկ ժամ արդեն կանգնած էին կիզիչ արևի տակ:

Ավելի ուշ, իր ելությում, անդրադառնալով Դոնբասում տիրող իրավիճակին, Պյոտր Պորոշենկոն անցավ ռուսերենի, որպեսզի երկրի հարավ-արևելքի բնակիչները հասկանան իրեն: Մինչ այդ նա խոսում էր ուկրաիներեն, գրում է «Վեստին»: Նա հայտնեց, որ առաջիկայում կայցելի Դոնբաս, «բայց ավազակների հետ չի խոսելու»: Բացի այդ, նա պատրաստակամություն է հայտնել տեղական ընտրություններ անցկացնել Դոնբասում, որպեսզի երկխոսության մասնակիցներ գտնի: Պորոշենկոն նաև կոչ արեց աշխարհազորայիններին վայր դնել զենքն ու ներում երաշխավորեց նրանց, ում ձեռքերն արյունոտ չեն, և ով չի ֆինանսավորել ահաբեկչությունը:

Մայիսի 25-ին կայացած Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթեց Պյոտր Պորոշենկոն 54,49 տոկոսով: Երկրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն էր 12,88 տոկոսով, երրորդը՝ Օլեգ Լյաշկոն էր 8,38 տոկոսով: Ընտրություններն անցան խորը քաղաքական ճգնաժամի պայմաններում ու երկրի արևելքում անկախության կողմնակիցների դեմ Կիևի ուժային գործողությունների ֆոնի վրա: Արդեն բազմաթիվ զոհեր կան երկու կողմերից, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Մոսկվայում այդ հատուկ գործողությունը պատժիչ են անվանում ու կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել այն:

Photo: Ria.ru