Հայաստանում ծիրանի սեզոն է: Ինչպես հայտնի է, մարտի 29-30-ի կտրուկ ցրտահարությունը, երբ ջերմաստիճանը ցերեկային +20-ից գիշերային ժամերին նվազեց մինչև զրո աստիճան, իսկ որոշ շրջաններում նաև զրոյից ցածր, անձրևն ու կարկուտը վերածվեցին ձյան տեղումների ու ձնաբքի, հսկայական վնաս հասցվեց գյուղատնտեսությանը, հատկապես պտղատու այգիներին: Ամենից շատ տուժեցին ծիրանի ծառերը: Որոշ շրջաններում փչացավ ծիրանի բերքի 90-100 տոկոսը:
Այդ ցրտահարությունից հետո բոլորն անհամբեր սպասում էին ծիրանի սեզոնին՝ գուշակելով, կհայտնվի արդոյք ծիրան վաճառքում և որքան այն կարժենա: Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը մայիսի վերջում ասաց, որ ծիրանի բերքն այս տարի չի հատի 10-15 տոկոսի սահմանը: Եթե հաշվի առնենք, որ ակնկալվում էր մոտ 55 տոննա բերք, ապա, ըստ նախնական տվյալների, կարելի է ասել, որ մենք զրկվեցինք ծիրանի բերքի 90 տոկոսից՝ 50 տոննայից»,-ասել էր նա: Բերբերյանն ասել էր, որ եթե 2013-ին ծիրանի գինը 200 դրամ էր, ապա 2014-ին ծիրանի միջին գինը կլինի մոտ 500-1000 դրամ: «Իսկ դա նշանակում է, որ արտահանում այս տարի չի լինի, լավագույն դեպքում մեկ մարդուն 1 կգ ծիրան է բաժին ընկնում»,-հավելեց Բերբեյանը:
Իչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Բերբերյանը բավականին լավատես էր: Ծիրան վաճառքում հայտնվեց: Սկզբում վաճաքի հանվեց ցոգոլը, որի կիլոգրամը վաճառվում էր 2500-3000 դրամով: Նշենք, որ ծիրանի դեֆիցիտի պայմաններում ոչ ոք չմտածեց ցոգոլի վաճառքը սահմանափակելու մասին:
Հետո արդեն սահմանափակ քանակով հայտնվեց քիչ թե շատ հասած ծիրանը՝ 1 կգ 2600-2700 դրամ: Երևանյան սուպերմարկետներից մեկում ծիրանը 550 դրամ է…բայց 100 գրամը: Ասում են, որ որոշ առևտրի կետերում ծիրանի 1 կգ գինը հասնում է 8000 դրամի:
«Ծիրանագույն» այս գներին անդրադարձավ նաև գյուղփոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, հայտարարելով, որ չափազանցված են մամուլի գնահատականները, թե ծիրանն այս տարի ոսկու գին ունի, քանի որ շուկայում կիլոգրամը 2300 դրամով կարելի է նորմալ ծիրան գնել: ««Իհարկե, վերջին մի քանի տարվա համեմատ գինը բարձր կլինի, բայց որ շուկայում կլինի ծիրան… անցյալ տարի մենք շուկայում ունեցել ենք 50, 100, 200 դրամով ծիրան, այս տարի բնականաբար, այդպես չի լինի:
2000-2200 դրամով ընտրագույն ծիրան կառնեք, իսկ այդ 8000 և ավելը՝ ֆանտաստիկայի ժանրից է»,- ասել է փոխնախարարը:
Ըստ գյուղփոխնախարարի՝ այս տարի ծիրանի բերքը կհասունանա ավելի ուշ՝ հուլիսի 5-ից հետո: Ըստ պաշտոնական տվյալների, անցյալ տարի ծիրանի բերքը Հայաստոնւմ մոտ 89 հազար տոննա էր, այս տարի՝ 10 անգամ պակաս, մոտ 8000 տոննա: Անցյալ տարի Հայաստանը արտահանել է 23 000 տոննա: Եվ թեև Հրաչ Բերբերյանը պնդում էր, որ արտահանում չի լինելու, Գառնիկ Պետրոսյանը հայտնեց, որ ծիրան արտահանվելու է, քանի որ մրգի արտահանմամբ զբաղվող ընկերությունները պարտավորություններ ունեն արտերկրի գործընկերների առջև:
Գառնիկ Պետրոսյանը նաև ասաց, որ կյանքը ծիրանով չի սկսվում ու վերջանում՝ առաջարկելով ծիրանը փոխարինել դեղձով, կեռասով, սև սալորով, խնձորով ու տանձով, որոնք «մատչելի գներով կառաջարկվեն»:
Նշենք, որ «մատչելի գները» փոխնախարարի ընկալմամբ տարբերվում են շարքային սպառողների համար «մատչելի գներից»»: 45 հազար դրամ նվազագույն աշխատավարձի պայմաններում և 30 հազար դրամ թոշակի պայմաններում, երբ հսկայական թվեր են վճարվում կոմունալ ծառայությունների դիմաց և սննդամթերքն ընդհանուր առմամբ էժան չէ, շարքային սպառողը հազիվ թե կարողանա թույլ տալ իրեն գնել «ընտագույն ծիրան» 2300 դրամով, դե գուցե մեկ անգամ սեզոնի ընթացքում այն էլ 500 դրամով…100 գրամի դիմաց: