10 հունիսի 2014 - 10:40 AMT
Ամերիկայի Հրեաների կոմիտեն զայրացրել է Թուրքիային՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

2014 թ. ապրիլի 23-ին Ամերիկայի Հրեաների կոմիտեն (AJC), ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու կոչ արեց Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ: Ամերիկայի Հրեաների կոմիտեն ստեղծվել է 1906 թվականին հակասեմիթականությունից պաշտպանվելու համար և այժմ գրասենյակներ ունի Նյու Յորքում ու Վաշինգտոնում:

«Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից մեկ ամիս անց և Հոլոքոսթի ամենամյա հիշատակումից առաջ մենք սգում ենք 1,5 մլն հայերի հիշատակը, որոնք զոհ գնացին Meds Yeghern-ին, Հայոց ցեղասպանությանը, որն իրագործվեց Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին», ասվում է հայտարարության մեջ:

Կոմիտեն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը վերջապես բացել բոլոր պատմական արխիվները, որոնք վերաբերում են զանգվածային սպանությունների, բռնագաղթի, մահվան երթերի այդ մութ շրջանին` այդպիսով լուծելով նաև սեփական խնդիրները: «Գրեթե մեկդարյա վաղեմության վերքի բուժման գործընթացը կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ կհաղթանակի այդ տխուր դարաշրջանի վերաբերյալ ճշմարտությունը: Մեր կազմակերպությունը վկայել է և գրել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված վայրագություններն աննկարագրելի հանցագործություն են մարդկության դեմ:

Այդ սարսափները ցավագին հիշեցում են մեզ, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք պահպանել հիշողությունը որպես անհրաժեշտ քայլ նման երևույթները ապագայում կանխելու համար: Մենք միանում ենք բարի կամքի բոլոր մարդկանց, որոնք 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Meds Yeghern-ի 99-րդ տարելիցի օրը հիշում են այդ զոհերին»,- ասել է AJC գործադիր տնօրեն Դևիդ Հարիսը:

AJC գործադիր տնօրեն Դևիդ Հարիսին հասցեագրված նամակում ասվում է, որ Թուրքիան չափազանց հիասթափված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունից և ամբողջապես մերժում է այն որպես սխալ»: Թուրք դիվանագետը մեջբերում է իր նամակում Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտնի պատմաբան Բերնարդ Լյուիսին, որն իր «Դարի գրառումները. Պատմաբանի մտորումները Մերձավոր Արևելքի մասին» գրքում գրում է, թե «հայերը ապստամբություն բարձրացրեցին և հետևապես սպանվեցին»:

«Ղըլիչի նամակը արտահայտում է թուրքական կողմի արհամարհանքը Ցեղասպանության հարցում AJC բարոյական դիրքորոշման հանդեպ: Այս զարմանալի անհարգալից դիվանագիտական նամակագրությունը հաստատում է այն, ինչ մենք միշտ գիտեիքն, այն է. թուրքական կառավարությունը դիտարկում է իր հարաբերությունները հրեական կոմիտեի հետ որպես ցինիկ մի դաշինք, ուղղված ԱՄՆ կողմից Ցեղասպանության վերաբերյալ արդարացի ու ճշմարիտ որոշման ընդունման դեմ: Այժմ, երբ AJC արդարության դիրքերից է հանդես գալիս և այդ սկզբունքային դիրքորոշումը համահունչ է հրեական ծագումով ամերիկացիների կարծիքին, Թուրքիան սկսել է վիրավորել կոմիտեն: Անկարայի տեսակետից այդ հարաբերությունների «խորությունը» պարզ դարձավ միայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոմիտեի հայտարարությունից հետո»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, գրում է Asbarez-ը:

Photo: Today's Zaman