11 հունիսի 2014 - 11:56 AMT
Հոլանդացի պատգամավորներն Ալմելոյում հակահայկական ցույցի վերաբերյալ հարցում են հղել Կառավարությանը

Հոլանդական խորհրդարանի «Քրիստոնյա դեմոկրատական կոչ» (CDA) խմբակցության պատգամավոր Պիտեր Օմզիգտի գրավոր հարցերը հոլանդական կողմի առաջին արձագանքն է 2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյում կայացած թուրքական հանրահավաքի վերաբերյալ: Գրավոր հարցերը ներկայացվել են նաև Սոցիալիստական կուսակցություն (SP), Քրիստոնեական միության (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP) և Ազատության համար կուսակցություն (PVV) խմբակցությունների անունից: Հանրահավաքը, որ պաշտոնապես ուղղված է եղել վերջերս Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված հուշարձանի «ցեղասպանություն» բառի դեմ, վերածվել է բազմաթիվ հակահայ կարգախոսներով և հայտարարություններով լի ցույցի:

Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) կարծիքով նման ատելություն սերմանող հանրահավաքը չի կարող մնալ առանց կտրուկ արձագանքի ու հետևանքների և շնորհակալություն է հայտնում հոլանդական խորհրդարանի հինգ խմբակցություններին` քննադատական հարցադրումների համար: Կառավարության արագ պատասխանը ցանկալի է, հատկապես նկատի ունենալով, որ հանրահավաքի տեսանյութերը ոչ միայն տեղադրված են համացանցում, այլ պարբերաբար ցուցադրվում են թուրքական հեռուստաալիքով:

Հինգ խորհրդարանական խմբակցությունների հարցերն ուղղված են Արտաքին գործերի նախարարին, Սոցիալական հարցերի և աշխատանքի (որը կրում է նաև Ինտեգրացիայի պոտֆելը) նախարարին և Անվտանգության և արդարադատության նախարարին, քանի որ այս խնդիրը որոշակիորեն վերաբերում է այդ նախարարներին:

Ինչ վերաբերում է հանրահավաքի կազմակերպման ոճին, նախարարներին հարց է ուղղվում թե արդյոք նրանք տեղյակ են, որ հանրահավաքը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օրինակ, Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) ձրի ավտոբուսներ է տրամադրել հանրահավաքին մասնակցելու համար, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմանկից «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD - Union europäisch-Türkischer Demokraten) լոբբիիստական խմբավորումը ներգրավված է եղել հանրահավաքի կազմակերպման գործում և վերջապես բոլոր մզկիթներում կոչ է արվել մասնակցել այս հանրահավաքին:

Հարցադրումների հեղինակները ցանկանում են իմանալ, թե արդյոք հիմքեր կան Արդարադատության նախարարության համար, որպեսզի հետաքննություն կատարվի հանրահավաքի լոզունգների ու հայտարարությունների կապակցությամբ: Նրանք նույնպես հարցնում են, թե Արտաքին գործերի նախարարը ինչ քայլեր վերցնելու մտադրություն ունի և արդյոք նա կքննարկի այս հարցը իր թուրք գործընկերոջ հետ: Վերջապես նախարարներին հարց է տրվում, թե արդյոք նրանք պատրաստ են հրաժարվել հանրահավաքի բնույթից և ոճից և այնտեղ օգտագործված լոզունգներից:

Հոլանդահայ ֆեդերացիան ցանկանում է հստակորեն ընդգծել, որ ֆեդերացիայի գործունեությունն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը և երբեք ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ որտեղ էլ որ նրանք գտնվեն, այլ թուրք կառավարության կողմից անցյալի ժխտման դեմ: Միայն Թուրքիայի ճանաչումով է հնարավոր ժամանակի ընթացքում իրականացնել ազգամիջյան հաշտություն: Պետք է նշել, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ արդեն իսկ խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել թուրքերի մտքում: Այն թուրքերը թե Թուրքիայում և թե Նիդեռլանդներում, ովքեր ծանոթ են ցեղասպանության պատմությանը և ճանաչում են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, նույնպես լուրջ խնդիրներ ունեն ցեղասպանությունը ժխտողների հետ: Հայտնի է, որ ազգայնամոլ թուրքերը նրանց ևս խնդիրներ են հարուցում, երբ նրանք իրենց կարծիքն են հայտնում այս հարցի մասին:

Թուրքիայի ճնշումը դեռևս առկա է նույնպես Հոլանդիայի կառավարության վրա, որը հետևաբար խուսափում է խոսել բոլոր հստակությամբ հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի կառավարության այս վերաբերմունքի համար չկա արդարացման որևէ հիմք, հատկապես, որ հոլանդական կառավարությունը պնդում է թե առաջատար դեր է կատարում աշխարհում, մարդու իրավունքների ոտնահարման, ռասիզմի և ցեղասպանության խնդիրների վերացման հարցերում: Այս տարի Նիդերլանդների Ալմելո քաղաքում հայկական եկեղեցուն կից` եկեղեցու սեփական հողամասում, կառուցվել է Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիր (16 թեք խաչքար շրջանաձև տեղադրված, մեջտեղում կլոր կրակաման շուրջ մեկ մետր շառավիղով):

Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, որին մասնակցել են Հոլանդիայի խորհրդարանի երեք պատգամավոր, Ալմելոյի քաղաքապետի տեղակալը, ՀՀ դեսպանը և շուրջ 2000 ներկաներ: Ի դեպ եկեղեցու բակում տարիներ առաջ տեղադրվել էր խաչքար-հուշարձան հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցին գտնվում է քաղաքի հյուսիսային ծայրամասում:

Դեռևս 2011 թ. հոլանդական խորհրդարանում լսումներ անցկացվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու շուրջ: Օրինագիծը 2006 թ. ներկայացրել էր խորհրդարան «Քրիստոնյա միություն» խմբակցությունը, սակայն այն այդպես էլ չստացավ մեծամասնության աջակցությունը: Օրինագծի ընդդիմադիրները իրենց մերժումը պատճառաբանեցին նրանով, որ նմանատիպ օրենք արդեն գործում է Հոլանդիայում: Բացի այդ, այն սահմանափակում է խոսքի ազատությունը:

Օրինագծի հեղինակները նշեցին, որ Ցեղասպանության ժխտման քրեականացման անհրաժեշտությունը հիմնավարված է ԵՄ 2008 թ. նոյեմբերի 28-ին «Պայքարը ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի ու դրսևորումների դեմ քրեական իրավունքի միջոցով» շրջանակային համաձայնագրով, ինչը քրեական պատիժ է ենթադրում Ցեղասպանության ժխտման համար: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում հանցագործության ժխտումը համարվում է լուրջ զանցանք և այդ սահմանմանը չի համապատասխանում: Որպես ցեղասպանության օրինակներ հիշատակվում էին Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Ռուանդայի և Սրեբրենիցեի ցեղասպանությունները:

Photo: Coen Mulder