11 հունիսի 2014 - 12:41 AMT
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեն քննարկում է Ադրբեջանի հակահայկական գործողությունները

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կոմիտեում (Հելսինկյան կոմիտե) քննարկումների ժամանակ ամերիկացի օրենսդիրների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ «Ադրբեջանի գործողությունները, սադրանքները, անհանդուրժողականությունն ու բռնությունները հայերի հանդեպ տագնապալի զարգացում են ստանում»: ANCA կառավարության հետ կապերի տնօրեն Քեյթ Նահապետյանը փաստաթղթեր է ներկայացրել այն մասին, թե ինչպես է Բաքվի քաղաքականությունն ու գործունեությունը խախտում մարդու իրավունքների միջազգային նորմերը, չեղյալ է դարձնում սեփական պայմանագրային պարտավորությունները, ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, վտանգավոր միջավայր ստեղծում, որը նպաստում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը»: Լսումները, որ անցնում են «Անվտանգության, տնտեսական ու իրավապաշտպան ասպեկտներն ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում» խորագրով, կապված են Պետքարտուղարության ու Կոնգրեսի մտահոգության հետ տարածաշրջանային ապակայունացմանը միտված Ադրբեջանի սաստկացող քաղաքականության հետ: Դիտարկելով Ադրբեջանի հակահայ անհանդուրժողականության ու բռնության 5 ասպեկտներ՝ Քեյթ Նահապետյանը նշել է. «Որպես ամերիկացիներ, որպես հալածանքներից փախած ու ազատության ջահը վառած երկրի հպարտ քաղաքացիներ, ազատության ջահ, որն այսօր վառվում է Լեռնային Ղարաբաղում, մենք չենք կարող անտեսել Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականությունը: Ոչ ԱՄՆ կառավարությունը, ոչ ԵԱՀԿ-ում մեր գործընկերները չպետք է համաձայնեն Բաքվի հակահայ քաղաքականությանն և օտար կառավարմանը Ղարաբաղի ժողովրդին ու կառավարությանը ենթարկելու բռնի ջանքերի հետ»:

Հաջորդ նիստում իրենց կարծիքները կհայտնեն կոմիտեի անդամները, ինչպես նաև Ջորջթաունի համալսարանի աշխատակից Բրենդա Շաֆերը, որը Կասպից ծովում աշխատող էներգետիկ ընկերությունների լոբբիստն է ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խիստ քննադատը: