11 հունիսի 2014 - 15:02 AMT
Աթենքում հայ երիտասարդներն ադրբեջանական համերգի հյուրերին տեղեկացրել են Ջուղայի գերեզմանատան ոչնչացման մասին

Հույների շրջանում ադրբեջանական քարոզչություն իրականացնելու համար Աթենքում Ադրբեջանի դեսպանատունը մշակութային տարբեր միջոցառումներ է նախաձեռնում։ Հերթական նման միջոցառումն անցնում էր քաղաքի համերգասրահում հունիսի 6-ին, գրում է հունահայ համայնքի «Ազատ օր» օրաթերթի կայքէջը։ Դասական երաժշտության համերգի մեկնարկից առաջ, որին հրավիրված էին դիվանագետներ, հույն գործարարներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ երիտասարդները մուտքի մոտ թռուցիկներ են բաժանել՝ հասարակությանը տեղեկացնելով Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման մասին։

Նախիջևանի Հին Ջուղայի խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվել է դեռ 1998-ին, երբ ադրբեջանցի զինվորները բուլդոզերներով հարթեցրել էին հայկական գերեզմանոցի տարածքը: Այդ գործողությունները, որ կասեցվել էին միջազգային բողոքի ալիքի պատճառով, վերսկսվել էին 2003-ին: Այդ ժամանակ շատ խաչքարեր հողին հավասարեցվեցին, մնացին հողի տակ, մյուսները ջարդեցին ու գցեցին Արաքս գետը: 2005-2006 թթ. հայկական գերեզմանոցն ամբողջությամբ ոչնչացվեց: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԱՄՆ Արևմտյան ափի Համահայկական կրթական ու մշակութային ասոցիացիայի հետ համատեղ փաստաթուղթ է ներկայացրել մոտ 5000 հազար միջնադարյան խաչքարերի ոչնչացման մասին: Ըստ Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի, խաչքարերի ոչնչացումը կազմակեպել էին Ադրբեջանի իշխանությունները:

Իրազեկման ակցիան նախաձեռնել էին ՀՅԴ Հունաստանի երիտմիության անդամները՝ ընթացքում ավելի քան 1000 թռուցիկ բաժանելով։ Արդյունքում կազմակերպիչները նկատել են տեղի ունեցածն ու պահանջել, որ ոստիկանները հեռացնեն հայ երիտասարդներին։

Չնայած դրան, երիտասարդները չեն հեռացել և շարունակել են բաժանել թռուցիկները՝ դեպքի վայր եկած ոստիկաններին փորձելով բացատրելով, որ ակցիան խաղաղ ու իրազեկման բնույթի է։ Իրավապահները, այնուամենայնիվ, բերման են ենթարկել նրանցից մի քանիսին։

Այնուամենայնիվ, ըստ ՀՅԴ երիտմիության, նախաձեռնությունը հասել է իր նպատակին՝ համերգին մասնակցող հույներին և օտարարազգի հրավիրյալներին ներկայացնելով Ադրբեջանի իրական դեմքը, «որը ներկայանում է որպես մշակութասեր պետություն, սակայն նույն պահին կատաղությամբ ոչնչացնում համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական կոթողները», գրում է պարբերականը։

Հայերը Հունաստանում բնակություն են հաստատել դեռ V-VI դարերին։ Հայկական պետականության անկման և պարսկա-բյուզանդական պատերազմների պատճառով շատերն ապաստանել են Հունաստանում։ Բյուզանդական կայսրության (որի մասն էր կազմում Հունաստանը) ժամանակ պետության սահմաններն ապահովելու նպատակով VI-VII դդ. բազմաթիվ հայեր (մոտ 30 հազար) գաղթել ու ապաստանել են Թրակիայում ու Մակեդոնիայում։ Վաղ միջնադարում Բյուզանդիայի մշակութային կենտրոններում (Աթենք, Կոստանդնուպոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Տրապիզոն) հայ երիտասարդներ են կրթվել։ Հայ մտավորականներից շատերը նպաստել են Բյուզանդիայի հոգևոր կյանքի զարգացմանը։ Հայ-բյուզանդական մշակութային փոխազդեցություն կա նաև ճարտարապետության մեջ ու արվեստում։ Կիլիկիայում հայկական պետականության ստեղծումից հետո, XI-XII դդ. բազմաթիվ հունահայեր գաղթել են Կիլիկիա, որի հետևանքով համայնքը նվազել է, կրկին բազմամարդ է դարձել XVII-XVIII դդ., թուրքական բռնատիրությունից խուսափած հայերի հաշվին։ 1829-ին Հունաստանի անկախության ձեռքբերումը նպաստել է հայերի մեծ հոսքին այդ երկիր։ Համայնքը սկսել է ստվարանալ XIX դ. Վերջից, ինչը շարունակվել է Մեծ Եղեռնից ու հատկապես 1919-1922-ին հույն-թուրքական պատերազմներից հետո։ Տարբեր տարիներին Հունաստանից հազարավոր հայեր են հայրենադարձվել։ 2010-ի տվյալներով Հունաստանում 35-40 հազար հայ է բնակվում, մեծամասնությունը զբաղվում է արհեստագործությամբ (ոսկերիչներ, կոշկակարներ, կահույքագործներ) և առևտրով։ Համայնքը ղեկավարում է Ազգային վարչությունը, այդտեղ գործում է 10 առաքելական, 2 կաթոլիկ, 2 ավետարանական եկեղեցի, 4 ամենօրյա և կիրակնօրյա դպրոց։

1996-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։ 1890-ին Աթենքում լույս է տեսել Հունաստանում առաջին հայերեն պարբերականը՝ «Ասպարեզ»-ը։ Առայսօր Հունաստանում հրատարակվել է 67 անուն պարբերական։ Ներկայումս լույս են տեսնում «Ազատ օր», «Նոր աշխարհ», «Ժողովրդային պայքար», «Դրոշակ», «Բռունցք», «Երիտասարդական կանչ» պարբերականները։