11 հունիսի 2014 - 21:48 AMT
Նախագահն Ավստրիայում է. Արևելյան գործընկերություն, Ղարաբաղ ու մի շարք ստորագրված փաստաթղթեր

Հունիսի 11-ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Առավոտյան կայացել է Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես՝ երկու երկրների նախագահները ստորագրել են Ավստրիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»:

Նախագահականից հայտնում են, որ այցի շրջանակում ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության և «Էռստե» բանկի միջև» և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»:

Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ կառուցողական քննարկում են ունեցել ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

«Վերահաստատեցինք բարձր մակարդակի երկխոսությունը շարունակելու, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ավստրիական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկությունը:

Այցիս առաջնային նպատակներից է երկկողմ գործակցության տնտեսական ուղղության խթանումը, և վաղը մենք նախագահ Ֆիշերի հետ կբացենք հայ-ավստրիական տնտեսական համագործակցության համաժողովը: Ակնկալում ենք, որ այն կծառայի գործարարների միջև երկխոսության ծավալմանն ու նոր համատեղ ծրագրերի իրականացմանը»,- նշել է Հայաստանի նախագահը:

Նա հավելել է, որ անդրադարձել են նաև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում գործակցության հեռանկարներին. «Ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵՄ հետ վերջին տարիներին ծավալված արդյունավետ գործակցությունը, որի շնորհիվ ՀՀ-ն ունի առավել ժողովրդավարական կառույցներ, բաց շուկայական տնտեսություն, համեմատաբար լավ կառավարում, բարենպաստ գործարար միջավայր: Ես ներկայացրեցի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման մեր տեսլականը և խնդրեցի պարոն նախագահին օժանդակելու մեզ այս հարցում:

Նախագահ Ֆիշերի հետ, իհարկե, քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսօրվա բանակցային գործընթացը, և ես վստահ եմ խորապես կրկին քննարկելու ենք: Այստեղ՝ Վիեննայում է գտնվում նաև ԵԱՀԿ կենտրոնակայանը, մի կազմակերպություն, որ տարիներ ի վեր ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում: Վերահաստատեցի այս խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը, բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեր հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում, որը խնդրի մանրամասներին լավագույնս տիրապետող միջազգային կառույցն է:

Այցի արդյունքներով մեր համատեղ հայտարարությամբ ամրագրված է, որ Ավստրիան՝ որպես բարեկամ երկիր, որը հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղությամբ, միջազգային հարաբերություններում իր բարձր համբավին և չեզոք պետության կարգավիճակին համահունչ շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այնուհետև պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի պատվին՝ նախագահ Ֆիշերի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլին: Հանրապետության նախագահը քաղաքապետարանում ողջույնի խոսք է հղել քաղաքապետին և հանդիպման բոլոր մասնակիցներին` նշելով, որ Վիեննայում ամեն քայլափոխի հանդիպող պատմամշակութային ժառանգության կողքին, զգում ես նաև հայկական ներկայությունը՝ եկեղեցիների, կրթամշակութային հաստատությունների ու հուշակոթողների տեսքով, ինչը, ըստ Սերժ Սարգսյանի, վիեննական մշակույթին հաղորդում է յուրօրինակ երանգ:

«Անգնահատելի է Վիեննայի գողտրիկ անկյուններից մեկում հանգրվանած Մխիթարյան միաբանության դերը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների պահպանման գործում: Իսկ Վիեննայի կենտրոնում՝ Հայկական հրապարակում, Ֆրանս Վերֆելի արձանը միջազգային այս քաղաքը դարձնում է մեզ համար էլ ավելի հարազատ: Ուրախ եմ, որ որպես մեր կապերի շարունակականության խորհրդանիշ՝ այսօր Վիեննայում մասնակցելու ենք ևս մեկ հայկական կառույցի՝ «Հայաստան» բազմագործառույթ կենտրոնի բացմանը, և ուզում եմ այս առթիվ Ձեզ շնորհակալական խոսք ասել»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ապագայում ևս Վիեննան իր հնարավորությունները կներդնի տարբեր տարածաշրջաններում եղած կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործում: «Եվ , անշուշտ, շնորհակալ եմ անցած տարվա վերջին այդպիսի հնարավորություն ընձեռելու համար ինձ և Ադրբեջանի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ վարելու ուղղությամբ»,- շեշտել է նախագահը:

Սերժ Սարգսյանն հանդիպում էլ է նաև Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերին: Զրուցակիցները քննարկվել են հայ-ավստրիական բազմաբնույթ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան մակարդակով փոխայցելություններն ու երկխոսության ակտիվացումը, ինչը Սերժ Սարգսյանի և Բարբարա Պրամմերի համոզմամբ, երկու երկրների միջև գործակցության զարգացման կարևոր գրավականներից է:

Ավստրիա պաշտոնական այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի նաև Վիեննայում «Հայաստան» բամզագործառույթ (տնտեսական, ֆինանսական, մշակութային, տեղեկատվական) կենտրոնի բացման արարողությանը: Այն կառուցվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև 2013թ. ապրիլի 30-ին Երևանում կնքված Մտադրությունների մասին հուշագիրը: Կենտրոնը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մասն է և օգտվում է Վիեննայի կոնվենցիայով ու դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակը կարգավորող երկկողմ միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից և անձեռնմխելիությունից: