Անկախ հրատարակիչների ասոցիացիան (IBPA) արծաթե մեդալ է շնորհել Մեթյու Կարանյանին «Հայաստան և Ղարաբաղ. Քարե պարտեզ» ուղեցուցյի համար «2014 թվականի ճամփորդությունների լավագույն գիրք» անվանակարգում, հայտնում է Asbarez-ը: «Բեննի» մրցանակը, որը շնորհում է հրատարակչական ոլորտը, ամենահեղինակավոր ազգային պարգևներից է անկախ գիրք արտադրողների համար: Հատուկ ուշադրություն է դարձվում բովանդակությանն ու դիզայնին:
Վերջերս Կարանյանի ուղեցույցը Writer’s Digest Magazine-ի կողմից ճանաչվեց լավագույն տեղեկատուներից մեկը, որ հրատարակվել է անցյալ տարի:
IBPA մրցանակների է արժանացել 4 գիրք՝ Հայաստանի և Ղարաբաղի ուղեցույցից բացի, մրցանակների են արժանացել նաև Կոստա Ռիկայի, ԱՄՆ Հարավարևմտյան կիրճի և Վաշինգտոն նահանգի ուղեցույցները:
Մեթյու Կարանյանը հայտարարել է, որ մրցանակը համարում է Հայաստանի ճանաչումը: «Այսպիսի պարգևներն օգնում են Հայաստանին ու Արցախին ավելի մեծ ճանաչում ստանալ, որին նրանք արժանի են ինչպես հայերի շրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-ասել է նա: