13 հունիսի 2014 - 14:07 AMT
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրվել է Հերբերտ Սալբերի թեկնածությունը

Հայտնի է դարձել Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցչի թեկնածությունը: Հերբերտ Սալբերն այդ պաշտոնում կփոխարինի Ֆիլիպ Լեֆորտին, որի առաքելությունն ավարտվեց ընթացիկ տարվա սկզբին:

Սալբերի դիվանագիտական կարիերան սկսվել է Գերմանիայի ԱԳՆ-ում, հետո շարունակվել Բելգրադում, Վիեննայում ու Մոսկվայում: Սալբերը ղեկավարել է ԵԱՀԿ գրասենյակը Ղազախստանում, ինչպես նաև ԵԱՀԿ Հակամարտությունների կանխման կենտրոնի տնօրենն է:

Սալբերի թեկնածությունն առաջադրել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նոր հատուկ ներկայացուցչի թեկնածությունն արժանացել է ԵՄ անդամ բոլոր երկրների հավանությանը:

Ֆիլիպ Լեֆորտը նշանակվել էր Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում 2011 թ. օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, որն այդ պաշտոնում աշխատել էր մինչև 2011թ. փետրվարի 28-ը, ինչպես նաև Վրաստանում ճգնաժամի հարցերի պատասխանատու Պիեռ Մորելին, որը հեռացավ պաշտոնից 2011թ. օգոստոսի 31-ին:

Ինչպես փետրվարի 1-ին Ֆիլիպ Լեֆորտի մանդատի ավարտի կապակցությամբ իր հայտարարության մեջ նշեց Քեթրին Էշթոնը, «Եվրամիությունը նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը միջազգային ժնևյան բանավեճին նախագահության և ԵԱՀԿ ՄԽ խաղաղ բանակցային գործընթացին աջակցելու միջոցով»:

Հայտարարության մեջ ասվում էր, ԵՄ-ն կնշանակի Լեֆորտի հետնորդին առաջիկա շաբաթներին՝ ապահովելու համար այդ կենսական դերի շարունակականությունը:

Մինչդեռ հայտարարության օրից մինչ նշանակումը մոտ 4 ամիս է անցել:

Photo: OSCE