14 հունիսի 2014 - 10:49 AMT
EAFJD-ն նամակով դիմել է Եվրահանձնաժողովի նախագահին Բաքու կատարելիք այցի շեմին

Եվրոպայի Հանուն արդարության ու ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին: Նամակում կազմակերպությունը Բարոզուի ուշադրությունն է հրավիրում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին Ադրբեջանի կառավարության կողմից՝ Բաքու կատարելիք այցի նախաշեմին: EAFJD-ն նաև մատնանշել է Ադրբեջանի կողմից լարվածության բորբոքումը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում, որտեղ ազերի զինվորականները վերջին շրջանում բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը, որի հետևանքով հայ զինծառայողներ են զոհվել: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Եվրոպայի Հանուն արդարության ու ժողովրդավարության հայկական դաշինքը մեկ անգամ ևս ցանկանում է ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի վրա, որին Freedom House-ը որակում է որպես «բռնատիրական ռեժիմ»: Դուք հանդիպելու եք Իլահմ Ալիևի հետ, որը իր հոր հետնորդն է 2003 թվականից, նա շարունակում է սաստկացնել հետապնդումները և, օգտվելով հսկայական նավթային եկամուտներից, ամրապնդում է իր իշխանությունը»:

Նամակում ասվում է ԱՄՆ և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կաշառման ու լոբբինգի մասին, որպես օրինակ բերվում է Foreign Policy-ի «Կոռլեոնեի կասպից կլանը» հոդվածը: Ալիևի ռեժիմին հաջողվեց կաշառել և ազդեցություն ունենալ որոշ մարդկանց, այդ թվում նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկա ու նախորդ անդամների, բրիտանական խորհրդարանի ու ԵԽԽՎ անդամների վրա:

EAFJD-ն հիշեցնում է Բարոզուին, որ մեկ ամիս առաջ ԵԽԽՎ Բյուրոն որոշեց, որ երկու տարի Բաքվում չեն անցկացվի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստեր և այդ արգելքը ուժի մեջ է մտել 2014 թվականի հունիսի 1-ից:

«Մենք կոչ ենք անում քննել բոլոր այս հարցերը ձեր հանդիպումներում ու մատնանշել Ադրբեջանում ահագնացող հակահայ քարոզչությունը, որը գագաթնակետին հասավ 2012 թ. սեպտեմբերին, երբ Իլհամ Ալիևը ներում շնորհեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին հայ մասնակցին կացնահարած Ռամիլ Սաֆարովին: Սաֆարովն իրեն մեղավոր էր ճանաչել ու ոչ մի ափսոսանք չէր հայտնել իր գործած ոճրի համար՝ պատճառաբանելով դա նրանով, որ սպանվածը հայ էր:

Բացի այդ, EAFJD-ն խնդրում է ձեզ նշել, որ Ադրբեջանը պետք է հարգի ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը, հետ քաշի դիպուկահարներին շփման գծից և ստեղծի միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որին Հայաստանն արդեն համաձայնվել է:

Եվրոպան ստանում է ադրբեջանական գազի 2 տոկոսը, ինչը չպետք է մեզ դարձնի ԵՄ հիմնարար արժեքների ու իրավունքների խախտման մասնակիցը: Դուք մտադիր եք Բաքվի հետ կնքել Համաձայնագիր ռազմավարական գործընկերության ու ասոցացման մասին: Ալիևի ռեժիմի զոհերն ադրբեջանական ժողովուրդն է ու տարածաշրջանը»,-գրել է նամակում EAFJD նախագահ Գասպար Կարապետյանը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարիաում Ռամիլ Սաֆարով դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին: Ադրբեջանում Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին:

2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:

Հունգարիայի կառավարությունը գիտեր, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին դիվանագիտական սկանդալի կհանգեցնի, ավելի ուշ հայտարարեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Փակ կուսակցական նիստում նա խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու, հայտնում է Origo.hu-ն, հղում անելով կառավարությանն ու «Ֆիդեզ» կուսակցությանը մոտ աղբյուրների վրա: Ըստ հաղորդագրության, կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար: Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»:

Ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշթերհազին Օրբանին «բարոյապես սնանկ» է անվանել և կոչ է արել հրաժարական տալ: Ըստ նրա, Օրբանը պետք է անձնական պատասխանատվություն կրի ծագած սկանդալի համար:

2014 թ. մարտին Հունգարիայի օմբուդսմեն Լասլո Սեքեյը Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանին է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ իր արտահերթ զեկույցը: Հունգարիայի օմբուդսմենը քննադատել է հունգարական կառավարության, մասնավորապես՝ արդարադատության նախարարի գործողությունները՝ կապված Սաֆարովի արտահանձնման հետ:

Զեկույցում, մասնավորապես, նշված է. «Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի հստակ երաշխիքներ, այնինչ արդարադատության նախարարը՝ էքստրադիցիայի համաձայնությունը տալիս, որևէ գրավոր երաշխիք չի պահանջել ադրբեջանական կողմից այն մասին, որ հայրենիքում Սաֆարովը կշարունակի իր պատիժը կրել ամբողջ խստությամբ: Արդարադատության նախարարը պետք է հաշվի առներ, որ Հունգարիայի և Ադրբեջանի հասարակությունները ամբողջապես տարբեր մոտեցումներ ունեին ինչպես դատապարտյալի, այնպես էլ նրա կատարած հանցանքի վերաբերյալ»:

Զեկույցում շեշտվում է նաև, որ «նման կերպ վարվելով՝ նախարարն ուղղակիորեն վտանգել է օրենքի գերակայության սկզբունքի կիրառությունը և դրանից բխող իրավական որոշակիությունը: Արդյունքում, համաձայնելով էքստրադիցիային, նա թուլացրել է իր իսկ երկրի քաղաքացիների հավատը սեփական երկրում արդարության և վստահության նկատմամբ»: Ընթացիկ տարվա մայիսին ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Հանձնաժողովն այն որակել է որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»:

Հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1, 000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10, 000 կրակոց: Մայիսի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ և հանդիպել մայիսի 28-ին տեղի ունեցած դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ: Նախարարը լսել է նրանց, քաջալերել և հանդիպման ավարտին պարգևատրել գերատեսչական մեդալներով:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ), հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից: