17 հունիսի 2014 - 11:54 AMT
Սկանդալ Բաքվում. Ադրբեջանցիներն ամոթանք են տվել Բրայզային՝ կնոջ, իսկ Ռասմուսենին՝ Rose Roth-ում ելույթի համար

«Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով ՆԱՏՕ ԽՎ Rose Roth-ի 86-րդ սեմինարում, որն ընթանում է Բաքվում, հերթական սկանդալն է եղել: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, սկանդալը բորբոքվել է սեմինարի երկրորդ մասում, ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզայի ելույթից հետո:

Սեմինարում՝ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները դեռևս կարող են հասնել փոխվստահության անհրաժեշտ մակարդակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու փոխզիջումների համար: Ըստ նրա, չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար, խնդիրը դեռ լուծված չէ. «Հարկավոր է շարունակել աշխատանքը՝ ռազմական տարբերակի կիրառման հնարավորությունը նվազեցնելու համար»:

Ադրբեջանական լրատվականը գրել է, թե իր ելույթում Մեթյու Բրայզան չի նշել հակամարտության պատճառը, ուղղակի հորդորել է կողմերին ընդհանուր լեզու գտնել: Հայաստանի պատվիրակությունն ողջունել է Բրայզայի ելույթը: Հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն իր հերթին ադրբեջանական կողմից պահանջել է դիպուկահարներին հետ քաշելշփման գծից:

Ի պատասխան ՆԱՏՕ ԳՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գուդրատ Հասանգուլիևը կտրուկ է արտահայտվել Բրայզայի ու հայկական կողմի ելույթների մասին՝ հիշեցնելով պաշտոնյային, որ վերջինիս կինը թրքուհի է:

«Պարոն Բրայզա, հայերը ձեզ թույլ չտվեցին մնալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, քանի որ ամուսնացած եք թրքուհու հետ: Ու հիմա նրանցից արդարությո՞ւն եք սպասում»,- հայտարարել է Հասանգուլիևը:

Նա նշել է նաև, որ Բրայզան արտահայտում է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը: Հետո Հասանգուլիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու«անհրաժեշտություն չկա»:

«Մեզ համար ավելի լավ կլիներ Ռուսաստանի հետ բանակցել, ոչ թե Հայաստանի»,- ասել է նա:

Իր հերթին հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի ոճրագործության մասին՝ երբ նա 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, և որին արտահանձնեցին Ադրբեջանին, իսկ այդ երկրի նախագահը նրան ներում շնորհեց:

ՆԱՏՕ ԳՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆետ Ասկերովը հայտարարել է, թե «Ղարաբաղը» ադրբեջաներեն բառ է: Նա նաև հղում է արել ՄԱԿ ԱԽ 1993-ի բանաձևերին՝ հայտարարելով, թե, իբր, դրանք դատապարտում են Զանգելանի և մի շարք այլ տարածքների «օկուպացիան հայկական զորքերի կողմից»: Ասկերովը նաև խստիվ քննադատել է միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության ու «օկուպացիայի« հանդեպ անտարբերության համար:

«Դեռ չէր հասցրել չորանալ թանաքը ՄԱԿ ԱԽ բանաձևերի վրա, երբ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ ջախջախեցին Լիբիան: Նույնը տեղի ունեցավ Իրաքի դեպքում: Որպես պատրվակ դուք նշում էիք այնտեղ քիմիական զենքի առկայությունը, բայց ոչինչ չկարողացաք գտնել: Թե ինչպես է հիմա տառապում Իրաքի ժողովուրդը, գիտեք և դուք, և ես, բայց միջազգային հանրությունն ամոթ չի զգում դրա համար: Դուք նույնիսկ Հարավսլավիան ռմբակոծեցիք առանց ՄԱԿ մանդատի: Դա ձեր գործն է ու ձեր խղճի վրա է, որը չգիտես ինչու լռում է: Բայց արդեն 20 տարի է, ինչ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևեր են ընդունված: Ինչո՞ւ այդ բանաձևերը մինչ օրս կյանքի չենկոչվում»,- հայտարարել է նա:

Ասկերովը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Լատվիայում ՆԱՏՕ ԽՎ նիստում իր ելույթի մեծ մասը նվիրել է Ուկրաինային: «Բայց ինչո՞ւ ոչ մի անգամ ելույթ չունեցաք Ադրբեջանի կապակցությամբ: Ինչո՞ւ բանաձևեր չեք ընդունում Ադրբեջանի դեպքում: Հրաժարվեք արդեն այդ երկակի չափանիշներից: Ամաչեք»,- հայտարարել է Ասկերովը:

Նա նաև արդարացրել է Հայաստանի հասցեին «թշնամական կողմ» արտահայտությունը, որը կիրառվում է Ադրբեջանում՝ հայտարարելով, թե Ադրբեջանն իր դիպուկահարներին միայն այն դեպքում հետ կքաշի, «եթե դուք նահանջեք մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը»:

Իր հերթին Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ չի ակնկալում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում: Նա նշել է, որ թեև հրադադարի ռեժիմը պահպանվում է արդեն 20 տարի, առաջխաղացում չկա: Ըստ նրա, Մինսկի խումբը չի արդարացրել իրեն, ինչպես և կարգավորման ձևաչափը:

«Մինսկի խումբը զբաղվում է հակամարտության ոչ թե կարգավորմամբ, այլ կառավարմամբ: Պետք է հրաժարվել դրանից»,- ասել է նա:

Կիրակոսյանը նշել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում և Հայաստանին, և Ադրբեջանին: «Ժամանակը բոլորի դեմ է գործում: Այս հակամարտությունում չկա հաղթող, կամ պարտվող»:

Նա առաջարկել է վերսկսել ոչ պաշտոնական բանակցությունները, «ժողովրդական դիվանագիտությունը», և հայտարարել, որ միայն այդպես կարելի է գալ ընդհանուր հայտարարի: Ի պատասխան ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասկերովն ասել է, թե «ժողովրդական դիվանագիտությունն» արդեն փորձարկվել է. «Հայաստանի ու Ադրբեջանի մտավորականները փոխադարձ այցեր են կատարել, երկխոսություն է տեղի ունեցել երկու խորհրդարանների միջև, բայց դա արդյունք չի տվել», հայտնում է Panorama.am-ը:

Rose Roth-ի առաջին մասում ևս սկանդալ է եղել, երբ Links ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Դեննիս Սամութի ձևակերպումները հայկական պատվիրակության բողոքի առիթ են հանդիսացել, որից հետո բանավեճ է սկսվել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև: Հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը պահանջել է, որպեսզի քննարկումների ժամանակ որպես հակամարտության կողմեր նշվեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի վրա:

Հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը հիշեցրել է ՄԱԿ ԱԽ 4 բանաձևը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. «Առաջարկում եմ ծանոթանալ բանաձևերի տեքստին: Սկզբից կարդացեք, հետո Հայաստանին ագրեսոր անվանեք»:

Հունիսի 16-18 Բաքվում անցնող ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth սեմինարին մասնակցելու նպատակով այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու պատվիրակության անդամներ՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թևան Պողոսյանը, Ադրբեջանն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ է տրամադրել հայ պատգամավորներին:

Ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները «բողոքի ակցիա» են անցկացրել հայ պատգամավորների Բաքու ժամանելու դեմ: Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի առջև, որտեղ իջևանել են հայ պատգամավորները: Ոստիկանությունը ցրել է մասնակիցներին և առգրավել նրանց պաստառները, հայտնում է Haqqin.az-ը: Պողոսյանը նշել է, որ այդ ժամանակ իրենք ներսում են եղել և ակցիայի մասին տեղեկացել են ԶԼՄ-ներից:

Ավելի վաղ Կորյուն Նահապետյանն ասել էր, որ սեմինարին մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ օրակարգը բավականին հագեցած է և ներառում է Հայաստանի շահերին վերաբերող բազում խնդիրներ` այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

«Սեմինարի օրակարգում չկա մի հարց, որը չլինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում»,- ասել է նա:

Ինչպես պարզաբանել էր Կորյուն Նահապետյանը հունիսի 9-ի ճեպազրույցում, ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում, որն անցել է մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում, հայկական պատվիրակությունը հանդիպել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահի ու գլխավոր քարտուղարի հետ: Հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև հայ պատվիրակների մասնակցության հարցը Բաքվում անցկացվող Rose Roth սեմինարին, եթե նրանց անվտանգության երաշխիքներ տրվեն: Հայկական կողմն առաջարկել է նաև Rose Roth 2015 թ. սեմինարն անցկացնել Երևանում: Նահապետյանը նշել է նաև, որ Վիլնյուսում մանրամասն քննարկվել է նաև, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում: «Հաստատվել է 2014-16 թթ.-ի համար անհատական գործողությունների նոր ծրագիր: Իսկ երկկողմ հարաբերություններում մենք տեսանք նաև ՀՀ Ազգային Ժողովի հետ հարաբերությունների խորացման միտում. մեր պատվիրակները տարբեր առաջարկություններ են ներկայացրել և հուսանք, որ դրանք գոհունակությամբ կընկալվեն»,-ասել է նա: Rose Roth սեմինարը Երևանում անցկացվել է երկու անգամ՝ 2005 և 2010 թթ.: