17 հունիսի 2014 - 15:40 AMT
Rose Roth-ը Բաքվում, օր 2. Սկանդալներն ու ադրբեջանցիների հիստերիան շարունակվում են

Երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 86-րդ սեմինարը «Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով: Մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչները սպառնացել են «պատժել» հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանի հորը, վիրավորանքներ են հնչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ Հայաստանն անվանել են «ահաբեկչական պետություն»:

Հայ պատվիրակներն իրենց հերթին հիշեցրել են սումգայիթյան ջարդերի մասին, բացահայտ մեղադրել են Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը սկսելու ու ռազմականացնելու մեջ:

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը մեղադրել է Ադրբեջանին 1988 թ. Սումգայիթում հայ բնակչության ջարդեր կազմակերպելու մեջ: ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանցիների ղեկավար Զիյաֆետ Ասկերովն էլ հանկարծ հայտարարել է, թե Ադրբեջանի զինդատախազությունը հետաքննում է ինչ-որ «արյունալի հանցագործություն» ադրբեջանցիների դեմ, որն, իբր գործել է Թևան Պողոսյանի հայրը Ղարաբաղում:

«Շատ շուտով Ինտերպոլը կգտնի քո մարդասպան հորն ու բերման կենթարկի և նա կստանա իր պատիժը: Շատ շուտով դու դա կտեսնես»,- ասել է Ասկերովը:

Սումգայիթյան ջարդերի մասին Ասկերովն ասել է, թե այդ «իրադարձությունները հրահրել էր խորհրդային ՊԱԿ-ը» և «ձեր Գրիգորյանը»:

Թևան Պողոսյանի հայրը՝ Ժիրայր Պողոսյանը 1998 - 1999 թթ. ԼՂՀ վարչապետն է եղել, իսկ 1992 թ-ին` ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատարը:

Ինչպես նշում է ԱՊԱ-ն, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բացահայտ մեղադրեց Ադրբեջանին: Նա հայտարարեց, որ վերջին 7 տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 20 անգամ՝ նշելով, որ դա իրական սպառնալիք է տարածաշրջանում: Նա պահանջեց ՆԱՏՕ ԽՎ-ից կոշտ արձագանք այդ կապակցությամբ:

Նրանից հետո խոսք վերցրեց Թևան Պողոսյանն ու մեղադրեց Ադրբեջանին՝ նշելով, որ հենց Բաքուն է հրահրել ղարաբաղյան հակամարտությունը: Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզման շեմին Ադրբեջանում մնում էր մեծ քանակով զենք ու զինամթերք և պաշտոնական Բաքուն օգտվեց դրանից:

Հայ պատվիրակներին պատասխանել է ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը: Նա հայտարարել է, թե Հայաստանի պատվիրակությունը «սադրանքներով է զբաղված Բաքվում» և փորձում է «վատաբանել Ադրբեջանին ՆԱՏՕ ԽՎ աչքում»: Ասկերովը դիմել է ՆԱՏՕ ԽՎ ներկայացուցիչներին, հարցնելով, թե արդյո՞ք մի երկիր, որի «տարածքի 20 տոկոսն օկուպացված է, չպետք է ավելացնի իր ռազմական բյուջեն»:

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե հայերն, իբր, «մոտ 30 ահաբեկչական գործողություն» են կազմակերպել Ադրբեջանում և «Խոջալուում ցեղասպանություն են» գործել: Նա նաև ինչ-որ ցուցակ է վկայակոչել՝ իբր Ինտերպոլի կողմից «որոնվող հայ զինվորականների մասին»:

Ասկերովը պահանջել է ՆԱՏՕ ԽՎ-ից իր վերաբերմունքը հայտնել ներկայացված «փաստերի» վեաբերյալ: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը պահանջել է հեռացնել Հայաստանին ՆԱՏՕ ԽՎ կազմից: Այդ պահանջն Ասկերովը «հիմնավորել է» նրանով, որ ՆԱՏՕ-ն դադարեցրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ զրկելով ՌԴ-ին քվեարկության իրավունքից ՆԱՏՕ ԽՎ-ում 2 տարով: Ասկերովին վրդովեցրել է այն հանգամանքը, որ Հայաստանին չգիտես ինչու չեն հեռացնում այդ կառույցից:

Ինչպես հայտնել է ադրբեջանական 1news.az-ը, Ասկերովը հայտարարել է, որ Հայաստանը «ահաբեկչություն է գործում պետական մակարդակով» և «ահաբեկիչներ» է անվանել ՀՀ նախագահներին:

Ըստ գործակալության, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային լիմիտները ռազմական ոլորտում, այդ թվում ԵԱՀԿ պահանջները: Ադրբեջանցի պատգամովր Զահիդ Օրուջը հայտարարել է, որ «Ադրբեջանը չի ձգտում վերածվել ռազմականացված պետության», սակայն նրան դա «պարտադրում են»:

Ինչպես հայտնում է ադրբեջանական Haqqin.az պորտալը, ադրբեջանական Խաղաղության և ժողովրդավարության ինստիոտւտի ղեկավար Լեյլա Յունուսը սեմինարի աշխատանքի ընթացքում դիմել է ռազմավարության ու պաշտպանության կառավարման վարչության պետ ու ՊՆ գնդապետ Էլմար Սամեդովին: Նա նշել է, որ ամեն տալի Ադրբեջանի ԶՈւ շարքերում տասնյակ զինվորներ են զոհվում և ամենևին էլ հայ դիպուկահարների կրակոցներից չեն մեռնում:

«Բանակը խրվել է կաշառակերության մեջ, թեև այն կոչված է պրոֆեսիոնալ լինելու: Գնդապետ Սամեդովը պետք է խոսի պրոֆեսիոնալ բանակի ստեղծման աշխատանքների մասին»,-ասել է Յունուսը:

Պորտալը նաև նշում է, որ հայկական պատվիրակության անդամներ Ռիչարդ Կիրակոսյանը, Թևան Պողոսյանն ու Կորյուն Նահապետյանը, ներկա գտնվելով Ադրբեջանի խորհրդարանում կայացած պաշտոնական ճաշին, բաժակ են բարձրացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

«Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով ՆԱՏՕ ԽՎ Rose Roth-ի 86-րդ սեմինարի առաջին օրը Բաքվում հերթական սկանդալն արձանագրվեց: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, սկանդալը բորբոքվել է սեմինարի երկրորդ մասում, ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզայի ելույթից հետո:

Սեմինարում Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները դեռևս կարող են հասնել փոխվստահության անհրաժեշտ մակարդակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու փոխզիջումների համար: Ըստ նրա, չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար, խնդիրը դեռ լուծված չէ. «Հարկավոր է շարունակել աշխատանքը՝ ռազմական տարբերակի կիրառման հնարավորությունը նվազեցնելու համար»:

Ադրբեջանական լրատվականը գրել է, թե իր ելույթում Մեթյու Բրայզան չի նշել հակամարտության պատճառը, ուղղակի հորդորել է կողմերին ընդհանուր լեզու գտնել: Հայաստանի պատվիրակությունն ողջունել է Բրայզայի ելույթը: Հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն իր հերթին ադրբեջանական կողմից պահանջել է դիպուկահարներին հետ քաշելշփման գծից:

Ի պատասխան ՆԱՏՕ ԳՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գուդրատ Հասանգուլիևը կտրուկ է արտահայտվել Բրայզայի ու հայկական կողմի ելույթների մասին՝ հիշեցնելով պաշտոնյային, որ վերջինիս կինը թրքուհի է:

«Պարոն Բրայզա, հայերը ձեզ թույլ չտվեցին մնալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, քանի որ ամուսնացած եք թրքուհու հետ: Ու հիմա նրանցից արդարությո՞ւն եք սպասում»,- հայտարարել է Հասանգուլիևը:

Նա նշել է նաև, որ Բրայզան արտահայտում է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը: Հետո Հասանգուլիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու«անհրաժեշտություն չկա»: «Մեզ համար ավելի լավ կլիներ Ռուսաստանի հետ բանակցել, ոչ թե Հայաստանի»,- ասել է նա:

Իր հերթին հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը հիշեցրել է Ռամիլ Սաֆարովի ոճրագործության մասին՝ երբ նա 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, և որին արտահանձնեցին Ադրբեջանին, իսկ այդ երկրի նախագահը նրան ներում շնորհեց:

ՆԱՏՕ ԳՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆետ Ասկերովը հայտարարել է, թե «Ղարաբաղը» ադրբեջաներեն բառ է: Նա նաև հղում է արել ՄԱԿ ԱԽ 1993-ի բանաձևերին՝ հայտարարելով, թե, իբր, դրանք դատապարտում են Զանգելանի և մի շարք այլ տարածքների «օկուպացիան հայկական զորքերի կողմից»: Ասկերովը նաև խստիվ քննադատել է միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության ու «օկուպացիայի« հանդեպ անտարբերության համար:

«Դեռ չէր հասցրել չորանալ թանաքը ՄԱԿ ԱԽ բանաձևերի վրա, երբ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ ջախջախեցին Լիբիան: Նույնը տեղի ունեցավ Իրաքի դեպքում: Որպես պատրվակ դուք նշում էիք այնտեղ քիմիական զենքի առկայությունը, բայց ոչինչ չկարողացաք գտնել: Թե ինչպես է հիմա տառապում Իրաքի ժողովուրդը, գիտեք և դուք, և ես, բայց միջազգային հանրությունն ամոթ չի զգում դրա համար: Դուք նույնիսկ Հարավսլավիան ռմբակոծեցիք առանց ՄԱԿ մանդատի: Դա ձեր գործն է ու ձեր խղճի վրա է, որը չգիտես ինչու լռում է: Բայց արդեն 20 տարի է, ինչ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևեր են ընդունված: Ինչո՞ւ այդ բանաձևերը մինչ օրս կյանքի չենկոչվում»,- հայտարարել է նա:

Ասկերովը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Լատվիայում ՆԱՏՕ ԽՎ նիստում իր ելույթի մեծ մասը նվիրել է Ուկրաինային: «Բայց ինչո՞ւ ոչ մի անգամ ելույթ չունեցաք Ադրբեջանի կապակցությամբ: Ինչո՞ւ բանաձևեր չեք ընդունում Ադրբեջանի դեպքում: Հրաժարվեք արդեն այդ երկակի չափանիշներից: Ամաչեք»,- հայտարարել է Ասկերովը:

Նա նաև արդարացրել է Հայաստանի հասցեին «թշնամական կողմ» արտահայտությունը, որը կիրառվում է Ադրբեջանում՝ հայտարարելով, թե Ադրբեջանն իր դիպուկահարներին միայն այն դեպքում հետ կքաշի, «եթե դուք նահանջեք մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը»:

Իր հերթին Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ չի ակնկալում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում: Նա նշել է, որ թեև հրադադարի ռեժիմը պահպանվում է արդեն 20 տարի, առաջխաղացում չկա: Ըստ նրա, Մինսկի խումբը չի արդարացրել իրեն, ինչպես և կարգավորման ձևաչափը:

«Մինսկի խումբը զբաղվում է հակամարտության ոչ թե կարգավորմամբ, այլ կառավարմամբ: Պետք է հրաժարվել դրանից»,- ասել է նա:

Կիրակոսյանը նշել է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում և Հայաստանին, և Ադրբեջանին: «Ժամանակը բոլորի դեմ է գործում: Այս հակամարտությունում չկա հաղթող, կամ պարտվող»:

Նա առաջարկել է վերսկսել ոչ պաշտոնական բանակցությունները, «ժողովրդական դիվանագիտությունը», և հայտարարել, որ միայն այդպես կարելի է գալ ընդհանուր հայտարարի: Ի պատասխան ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասկերովն ասել է, թե «ժողովրդական դիվանագիտությունն» արդեն փորձարկվել է. «Հայաստանի ու Ադրբեջանի մտավորականները փոխադարձ այցեր են կատարել, երկխոսություն է տեղի ունեցել երկու խորհրդարանների միջև, բայց դա արդյունք չի տվել», հայտնում է Panorama.am-ը:

Rose Roth-ի առաջին մասում ևս սկանդալ է եղել, երբ Links ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Դեննիս Սամութի ձևակերպումները հայկական պատվիրակության բողոքի առիթ են հանդիսացել, որից հետո բանավեճ է սկսվել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև: Հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը պահանջել է, որպեսզի քննարկումների ժամանակ որպես հակամարտության կողմեր նշվեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի վրա:

Հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը հիշեցրել է ՄԱԿ ԱԽ 4 բանաձևը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. «Առաջարկում եմ ծանոթանալ բանաձևերի տեքստին: Սկզբից կարդացեք, հետո Հայաստանին ագրեսոր անվանեք»:

Հունիսի 16-18 Բաքվում անցնող ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth սեմինարին մասնակցելու նպատակով այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու պատվիրակության անդամներ՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թևան Պողոսյանը, Ադրբեջանն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ է տրամադրել հայ պատգամավորներին:

Ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները «բողոքի ակցիա» են անցկացրել հայ պատգամավորների Բաքու ժամանելու դեմ: Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի առջև, որտեղ իջևանել են հայ պատգամավորները: Ոստիկանությունը ցրել է մասնակիցներին և առգրավել նրանց պաստառները, հայտնում է Haqqin.az-ը: Պողոսյանը նշել է, որ այդ ժամանակ իրենք ներսում են եղել և ակցիայի մասին տեղեկացել են ԶԼՄ-ներից:

Photo: 1.news.az