18 հունիսի 2014 - 10:28 AMT
Երկու օրում Հալեպում 2 հայ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել

Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը կրկին հրթիռակոծվել է: Ինչպես հայտնում է «Գանձասար» թերթը, զոհվել է Վրեժ Ջաբախչուրյանը: Հունիսի 16-ին նույն թաղամասում զոհվեց 1942 թ. ծնված Սեդա Պասմաչյանը: Վեց մարդ միջին և ծանր աստիճանի վիրավորում է ստացել:

Նախօրեին Հալեպում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի հանդիպումը նահանգապետ Վահիդ Աքքադի հետ: Կարևորելով հայ համայնքի դերը Սիրիայի հասարակական կյանքում՝ զրուցակիցներն անդրադարձել Հալեպի հայ բնակչության խնդիրներին:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) սկսել է #SaveAleppo արշավը: Հայ բնակչությունը, որը կազմում է սիրիական այդ քաղաքի մեկ քառորդը, վերջին օրերին գնդակոծության է ենթարկվում զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածում են աղետի գոտու:

ANCA-ն հորդորում է հեռաձայնել կամ նամակ գրել նախագահ Օբամային և կոչ անել նրան անհապաղ միջամտել՝ առաջին հերթին քրիստոնյաների թաղամասերի գնդակոծությունը դադարեցնելու համար, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա և երրորդը՝ պատասխանել վերջապես ANCA-ի հարցմանը Թուրքիայի դերկատարության մասին Քեսաբի վրա հարձակման գործում:

Եվրոպայի Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչի անունով, կոչ անելով գործել դադարեցնելու համար Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հայ բնակչության զանգվածային ոչնչացումը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Photo: Maria Gabrielyan